Մատչելի հղումներ

«Ռազմական ուժի կիրառումը չի բացառվում». ԱՄՆ-ի պաշտպանության նախարար


«Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը կանխելու համար քննարկվում են բոլոր միջոցները»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան Իսրայել կատարած իր այցի ընթացքում ասել է, թե Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար քննարկվում են «բոլոր միջոցները, ներառյալ` ռազմական գործողությունները»:

Այս հայտարարությամբ Պանետան հանդես է եկել Թել Ավիվում Իսրայելի իր գործընկեր Էհուդ Բարաքի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը:

«Որպես պաշտպանության նախարար հարկ եմ համարում նախագահին տրամադրել դիվանագիտական ջանքերի տապալման դեպքում առկա բոլոր տարբերակները, ներառյալ զինված ուժերի կիրառման տարբերակը: Նախագահ Օբաման հստակ նշել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու կանխումը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առաջնություններից է, և որ քննարկման են ենթակա բոլոր հնարավորությունները»:

Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին կասկածի տակ է առել այն հանգամանքը, որ պատժամիջոցները կամ դիվանագիտական ջանքերը կնպաստեն Իրանի կողմից միջուկային ոլորտում իրականացվող աշխատանքների դադարեցման:

Լեոն Պանետան իր այցի ընթացքում բանակցություններ կանցկացնի նաև Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Շիմոն Պերեսի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկումները, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի, ծավալվելու են Իսրայելին և Միացյալ Նահանգներին Իրանի միջուկային ծրագրի կողմից ներկայացվող վտանգի, ինչպես նաև նման վտանգին արձագանքելու տարբեր միջոցների շուրջ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հերքել է այս բանակցությունների ընթացքում Իրանի ուղղությամբ կանխարգելիչ հարված հասցնելու ծրագրի մշակման մասին լուրերը:

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարը Իսրայել է ժամանել Եգիպտոսից, որտեղ հանդիպում է ունեցել նորընտիր նախագահ Մոհամեդ Մորսիի հետ: Այցի ընթացքում նախարար Պանետան «արդեն 30 տարի տարածաշրջանում կայունության ապահովման գրավական» է անվանել ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև ռազմական առկա հարաբերությունները:
XS
SM
MD
LG