ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան ասել է, որ ԱՄՆ-ի կողմից գլխավորած դաշինքը հաղթում է Աֆղանստանում վարվող պատերազմում:
Այս հայտարարությամբ Պանետան հանդես է եկել Աֆղանստանի արևելյան Պակտիկա նահանգում տեղակայված ԱՄՆ-ի զինծառայողների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով սակայն, որ նրանք դեռևս դժվարությունների կհանդիպեն այս «շատ դժվարին հակամարտությունում»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը խոստացել է սակայն, որ Աֆղանստանը կդառնա «ապահով, ինքնակառավարվող երկիր, որը «ալ-Քայիդա»-ի կամ թալիբների համար ապաստան չի լինելու:
Պաշտպանության նախարար Պանետան Աֆղանստանում է գտնվում երկօրյա այցով, որի ընթացքում ծանոթացել է զինյալների դեմ Միացյալ Նահանգների գլխավորած դաշինքի կողմից վարվող պայքարի արդյունքներին: Նրա համաձայն, այս տարի թալիբների զինյալների դեմ արդեն մեկ տասնամյակ վարվող պայքարը հասել է «շրջադարձային կետի»:
Սպասվում է, որ չորեքշաբթի օրվա վերջին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահի հետ:
«China Daily» լրատվական կայքը, վկայակոչելով «Turkish Daily News»-ը, հայտնել է, որ այս շաբաթվա ավարտին Պանետան այցելելու է Թուրքիա՝ այս երկրի արևելքում ռադիոտեղերոշիչների համակարգի տեղադրման հարցը քննարկելու նպատակով: