Մատչելի հղումներ

Պակիստանի վարչապետ. «Պակիստանի վրա պետք չէ լրացուցիչ ճնշում գործադրել»


Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանի

Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին դեմ է արտահայտվել օտարերկրյա պետությունների կողմից իր երկրի վրա ահաբեկչության դեմ պայքարում լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու նպատակով գործադրվող ճնշման:

Հանդես գալով հինգշաբթի օրը Իսլամաբադում երկրի քաղաքական գործիչների հանդիպման բացման ուղերձով` վարչապետն ասել է, թե «Պակիստանը վրա պետք չէ գործադրել լրացուցիչ ճնշում` ավելի շատ ջանքեր ձեռնարկելու նպատակով»:

Պակիստանի քաղաքական գործիչների հանդիպումը հրավիրվել է վարչապետի կողմից` այս երկրի կառավարությանն ԱՄՆ-ի կողմից «Հաքանի» ցանցի հետ կապեր ունենալու մեջ վերջերս ներկայացված մեղադրանքներից հետո:

«Հաքանի» ցանցը Աֆղանստանում գործող զինյալների խումբ է, որը կապեր ունի «ալ-Քայիդայի» հետ:

Պակիստանի վարչապետն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից ներկայացվող մեղադրանքները «զարմանալի» են` հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի կողմից արված զոհաբերություններն ու ձեռք բերված հաջողությունները: Նա ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր երկրին տարածաշրջանային անկայունություն ստեղծելու մեջ ներկայացվող մեղադրանքները և շեշտել, որ անհրաժեշտ է հարգել Պակիստանի պետական շահերը:

Գիլանին ասել է սակայն, որ Պակիստանի «դռները բաց են միջազգային հանրության առջև` բանակցություններ և քննարկումներ անցկացնելու համար»:

Իսլամաբադում հինգշաբթի օրն անցկացվող հանդիպմանը մասնակցել է երկրի քաղաքական, կրոնական և ազգայնական կուսակցությունների 58 առաջնորդ, ինչպես նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Հինա Ռաբանի Խառն ու երկրի բանակի հրամանատար, գեներալ Աշֆաք Փարվեզ Քայանին:

Պակիստանի մայրաքաղաքում անցկացվող այս հանդիպումը գումարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ում ավարտական փուլում է գտնվում «Հաքանի» ցանցի որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու քննարկումը:

XS
SM
MD
LG