Մատչելի հղումներ

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում հայ գերու մահվան վերաբերյալ հայտարարություն


ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում հայ գերու մահվան վերաբերյալ հայտարարություն
ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում հայ գերու մահվան վերաբերյալ հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հոկտեմբերի 7-ին հայաստանյան պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել Ադրբեջանում հայ գերու մահվան վերաբերյալ հայտարարության նախագիծ:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարակված նախագծում Ադրբեջանին կոչ է արվում անցկացնել ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի մահվան մանրամասն և թափանցիկ հետաքննություն` միջազգային փորձագետների մասնակցությամբ, և պատասխանատվության ենթարկել նրա մահվանը մեղսակից պաշտոնատար անձանց:

Փաստաթղթում նշվում է, որ «Մանվել Սարիբեկյանի ինքնասպանության մասին Ադրբեջանի պաշտոնական վարկածը նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանի որ Ադրբեջանը և նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի և անվտանգության համար»:

Փաստաթղթին միացել է ԵԽԽՎ-ի անդամ երկրների 25 պատվիրակ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հոկտեմբերի 8-ին նամակ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Եվրոպական Խորհրդի նախագահին, ԵԽԽՎ-ի նախագահին և ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:

Նամակում դատապարտվում է նաև Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը:

«Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի և Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի և միջազգային անկախ փորձագետներին», - ասվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կողմից ստորագրված նամակում:

XS
SM
MD
LG