Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը քննադատել է Տաջիկստանում անցկացված նախագահական ընտրությունները


Ռահմոնը հինգշաբթի օրը հաղթող է ճանաչվել Տաջիկստանում նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում: Նրա օգտին, ըստ հաղորդագրությունների, իրենց ձայնն է տվել ընտրողների 83,6 տոկոսը

ԵԱՀԿ-ը քննադատել է Տաջիկստանում անցկացված նախագահական ընտրությունները՝ վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդագրություններն այն մասին, որ քվեարկության ընթացքում ապահովված չէր բազմակարծությունն ու քվեարկողները չունեին իրական ընտրություն կատարելու հնարավորություն:

ԵԱՀԿ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության համաձայն, ներկայիս նախագահ Էմոմալի Ռահմոնին զգալի առավելություն է տվել մամուլում իր թեկնածության լայնածավալ լուսաբանումը:

ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ երկրում իշխանության գլուխ կանգնած լինելը պարտավորեցնում է Ռահմոնի վարչակազմին կատարել ԵԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականությունները և չօգտվել ներկայում իշխանության գլուխ կանգնած լինելու հանգամանքից:

«Տաջիկստանի համար չափազանց կարևոր է ապահովել ավելի լայն քաղաքական բազմակարծություն՝ ժողովրդավարական իր պարտավորությունները կատարելու նպատակով», - ասված է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ:

Ռահմոնը հինգշաբթի օրը հաղթող է ճանաչվել Տաջիկստանում նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում: Նրա օգտին, ըստ հաղորդագրությունների, իրենց ձայնն է տվել ընտրողների 83,6 տոկոսը:

Ռահմոնի ամենամոտ մրցակիցը կարողացել է հավաքել ձայների ընդամենը հինգ տոկոսը, իսկ քաղաքական ամենամեծ կշիռ ունեցող իր մրցակից Օինիհոլ Բոբոնազարովան հնարավորություն չէր ստացել մասնակցելու ընտրապայքարին՝ որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ 210 հազար ստորագրություն հավաքել չկարողանալու պատճառով:

Հաղթանակ տանելով նախագահական այս ընտրություններում՝ Էմոմալի Ռահմոնը ևս յոթ տարով զբաղեցրել է Տաջիկստանի նախագահի պաշտոնը:

Էմոմալի Ռահմոնի նախագահական նոր ժամկետն ավարտվում է 2020 թվականին: Տաջիկստանի նախագահի պաշտոնն ինքը զբաղեցնում է 1992 թվականից:
XS
SM
MD
LG