Մատչելի հղումներ

Հայաստանում ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. ԵԱՀԿ


«Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել են, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից»

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ փետրվարի 18-ի Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել են, սակայն թեկնածուների սահմանափակ ներկայացվածությունը նշանակում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ «քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը»:

«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - ասել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան՝ հավելելով. «Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»:

Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդներն ասել են, որ ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, արձանագրվել են նաև քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր: Դիտորդներն այնուամենայնիվ մատնանշել են, որ երկրում, մասնավորապես տեղական մակարդակի վրա, չէր նկատվել հստակ տարանջատում գործող նախագահի ընտրարշավի և պետական մարմինների գործողությունների միջև: Դա ներառում է վարչական ռեսուրսների չարաշահումն ու պետական ծառայողների վրա գործադրված ճնշումը՝ ընտրությունների և քարոզարշավի հետ կապված միջոցառումներին մասնակցելու առումով:

«Լրատվական ծածկույթը թույլ է տվել ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն թեկնածու չառաջադրելու վերաբերյալ մի քանի ազդեցիկ կուսակցությունների որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի», - նշել է հաղորդագրության մեջ:
«Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերում թանաքով նշումները կատարելը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր», -եզրափակել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների հայտարարությունը:

Հայաստանի իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է ուղարկել: Այս առաքելությունը 1995 թվականից ի վեր ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստան ուղարկված արդեն ութերորդ դիտորդական առաքելությունն էր:
XS
SM
MD
LG