Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել


OSCE Minsk Group Co-Chairs, OSCE/David Challenger
OSCE Minsk Group Co-Chairs, OSCE/David Challenger

«Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու ծրագրի վերաբերյալ կողմերը կրկին վստահեցրել են համանախագահներին այն մասին, որ նրանք բացառում են որևէ սպառնալիք կամ ուժի կիրառում քաղաքացիական ավիացիայի դեմ»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ:

Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասված է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն՝ ԱՄՆ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ժակ Ֆուորեն՝ Ֆրանսիա, և ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում այցելեցին Բաքու, Լեռնային Ղարաբաղ և Երևան:

«Բաքվում համանախագահները հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, Ղարաբաղում` դե ֆակտո իշխանությունների, իսկ Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Համանախագահները հուլիսի 11-ին ոտքով կրկին հատեցին շփման գիծը: Նրանք հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղից Քելբաջարով մեկնեցին Երևան, ինչը դարձավ 2010 թվականին իրականացված Դաշտային գնահատման առաքելության ժամանակից այս շրջանի առաջին այցը: Իրենց բոլոր հանդիպումների ընթացքում համանախագահները վերահաստատեցին իրենց երկրների վճռական նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես ընդգծել են Լոս Կաբոսում հունիսի 18-ին համանախագահ երեք երկրների նախագահները», - ասված է հայտարարությունում:

Ըստ հաղորդագրության, տարածաշրջան կատարած այցի ընթացքում համանախագահները շարունակեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հունիսի 18-ին Փարիզում անցկացրած իրենց քննարկումները: Համանախագահներն իրենց խոր մտահոգությունն արտահայտեցին շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ և վերահաստատեցին, որ կողմերի քաղաքական կամքի դրսևորմամբ խաղաղության հասնելը լավագույնս կարտահայտվի մաքսիմալիստական դիրքորոշումից զերծ մնալու, 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը հարգելու և թշնամական հռետորաբանությունից ձեռնպահ մնալու միջոցով:

Հայտարարությունում նշված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու ծրագրի վերաբերյալ կողմերը կրկին վստահեցրել են համանախագահներին այն մասին, որ նրանք բացառում են որևէ սպառնալիք կամ ուժի կիրառում քաղաքացիական ավիացիայի դեմ, խնդիրը քննարկելու են դիվանագիտական քայլերի միջոցով և զերծ են մնում հարցը քաղաքականացնելուց: Համանախագահները վերահաստատեցին, որ օդանավակայանի գործարկումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման վրա և կոչ արեցին կողմերին գործել համաձայն միջազգային օրենքի:

«Համանախագահները ծրագրում են առանձին նոր հանդիպումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ սեպտեմբերին նախարարների համատեղ հանդիպում նախապատրաստելու նպատակով», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 10-ից 13-ի ընթացքում Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ հրապարակված հայտարարությունը:
XS
SM
MD
LG