Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մտահոգված է խաղաղության գործընթացին հասցված վնասով


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը

Համանախագահները խորը մտահոգություն և ափսոսանք են արտահայտել Սաֆարովին ներում շնորհելու և քրեական հանցագործությունը հերոսացնելու կապակցությամբ

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը սեպտեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմամ Մամադյարովի հետ՝ տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձ կատարելու, ինչպես նաև շարունակելով գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»:

Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարության մեջ, որի համաձայն համանախագահները արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Ադրբեջանի կառավարության կողմից օգոստոսի 31-ին Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարոֆին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ 2004 թվականին հայազգի սպային գազանաբար սպանելու համար, ներում շնորհելու մասին կայացված որոշումը:

Համանախագահները, ըստ հաղորդագրության, խորը մտահոգություն և ափսոսանք են արտահայտել Սաֆարովին ներում շնորհելու և քրեական հանցագործությունը հերոսացնելու բոլոր փորձերի կապակցությամբ, որոնք բացասական ազդեցություն ունեցան ինչպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այնպես էլ հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի բարձրացման վրա:

«Համանախագահները վերահաստատել են, որ, ինչպես իրեն երկրների նախագահները նշել են հունիսի 19-ի Լոս Կաբոսի հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք կշարունակեն հակամարտող կողմերի միջև լարվածության նվազեցմանը և խաղաղարար գործընթացի առաջխաղացմանն ուղղված ջանքները», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG