Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն ընդունել են ԵԱՀԿ-ի ՄԳ-ի համանախագահներին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին մարտի 21-ին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համանախագահները, Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, ներկայացրեցին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։

«Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրությունը։
XS
SM
MD
LG