Մատչելի հղումներ

Նալբանդյան. «Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով»


Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ-ի 20-րդ նախարարական համաժողովին

ԵԱՀԿ-ի 20-րդ նախարարական համաժողովին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր համաժողովի մասնակիցներին հասցեագրված խոսքով է հանդես եկել:

Համաժողովում իր ելույթի սկզբին արտգործնախարար Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ՝ ասելով, որ ջերմորեն հիշում է մեծ և իմաստուն առաջնորդի և պետական գործչի հետ իր հանդիպումը Պրետորիայում:

Ելույթում անդրադառնալով անվտանգության հարցին՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Էնիսկիլենում, Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հերթական՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ, որտեղ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման:

«Հայաստանը ողջունեց այս հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար», - ասել է արտգործնախարար Նալբանդյանը՝ հավելելով. «Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի»:

Ըստ Նալբանդյանի, Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենում արված կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը, և բոլորը գիտեն, որ Հայաստանի պատճառով չէր, որ շուրջ երկու տարիների ընթացքում նախագահների մակարդակով հանդիպումներ չէին կազմակերպվում: Վիեննայում նախագահները համաձայնվեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակելու համատեղ աշխատանքը համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակով: Այս նպատակին էր ծառայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը, և մենք համաձայնվեցինք շարունակել հանդիպումները», - նշել է արտգործնախարար Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ «Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը հնարավորություն կտա արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերը, ինչի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին, և ինչի մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել 2012 թվականի հունվարին Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում շեշտել է, որ կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

«Տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա», - եզրափակել է իր խոսքը ԵԱՀԿ-ի 20-րդ նախարարական համաժողովին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
XS
SM
MD
LG