Մատչելի հղումներ

ՄԽ-ի համանախագահները շեշտել են ամենաբարձր մակարդակի վրա բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը


Բանակցությունների ընթացքում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը շփման գծի երկայնքով և սահմանի վրա լարվածության վերջին ավելացման կապակցությամբ

Բաքու և Երևան փետրվարի 4-ին և 5-ին այցելած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ շեշտել են ամենաբարձր մակարդակի վրա բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բաքու և Երևան կատարված այցերի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցերի ընթացքում նրանք, բացի այդ, խորհրդակցություններ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ:

Ըստ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջան և Հայաստան կատարված այցերի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ համանախագահները քննարկել են երկու պետությունների արտգործնախարարների միջև Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները և շեշտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների էության շուրջ առաջընթաց գրանցելու, ինչպես նաև, ըստ Վիեննայում ձեռք բերված համաձայնության, ամենաբարձր մակարդակով բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

«Բանակցությունների ընթացքում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը շփման գծի երկայնքով և սահմանի վրա լարվածության վերջին ավելացման կապակցությամբ և հորդորել են կողմերին զսպվածություն պահպանել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ: Կողմերը նշել են զինադադարի պահպանման ուժեղացման և լարվածության հետագա ավելացումից խուսափելու իրենց մտադրությունը, մասնավորապես Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի լույսի ներքո» - ասված է հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ըստ Բաքու և Երևան կատարված այցերի արդյունքներով հրապարակված հաղորդագրության, գալիք մի քանի շաբաթվա ընթացքում կշարունակեն կողմերի հետ անցկացվող խորհրդակցությունները՝ բարձ մակարդակի հանդիպումներ նախապատրաստելու նպատակով:
XS
SM
MD
LG