Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողով. «ԵԱՀԿ-ի պետություններն ամենուրեք խախտում են համացանց ազատ մուտքի իրավունքը»


Կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթ (արխիվային լուսանկար)

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ պետություններում համացանցը գնալով ավելի հաճախ է դառնում գրաքննության առարկա, ինչն ուղղակիորեն հակասում է մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը սատարող կազմակերպության հիմնարար սկզբունքներին»։ Այս հիմնական եզրակացությունը հնչել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի «Առցանց կատարվող խոստումները. համացանցի ազատ մուտքը ԵԱՀԿ-ի տարածաշրջանում» (The Promises We Keep Online: Internet Freedom in the OSCE Region) խորագրով ուրբաթ օրը կայացած լսումների ընթացքում։

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի համացանցում գրաքննությունն օգտագործվում է որպես ազատության ճնշման գործիք ոչ միայն Չինաստանի նման երկրներում. նույն մեթոդներն ավելի հաճախ են օգտագործվում ԵԱՀԿ-ի տարածաշրջանի պետություններում։ Սմիթը համաձայն, այս առումով ամենավատ իրավիճակը ստեղծվել է Բելառուսում, Ռուսաստանում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի պետություններում։

Կոնգրեսականը նշել է, որ Բելառուսն արգելում է մուտքը դեպի «Twitter» և «Facebook» սոցիալական կայքեր, իսկ Ղազախստանը փորձում է ստեղծել «ազգային համացանց»՝ աշխատելով երկրի տարածք տեղափոխել «KZ» դոմեյնը սպասարկող բոլոր սերվերները։

Սմիթի համաձայն, իրավիճակը ծանր է մնում նաև Ռուսաստանում, որտեղ «մաֆիան և իշխանությունները» ճնշում են գործադրում լրագրողների վրա, իսկ «Ռունետ»-ում վերահսկողության եղանակների զարգացումը մի քանի անգամ ավելի կատարյալ են, քան այլ պետություներում նույն նպատակով օգտագործվող համակարգերը։

«ԵԱՀԿ-ի բոլոր 56 անդամները համաձայնել են պաշտպանել մարդու իրավունքները, սակայն այս պետությունների իշխանությունները հաճախակի իրենք են խախտում իրենց հայրենակիցների իրավունքները» - շեշտել է կոնգրեսական Սմիթը։

XS
SM
MD
LG