Մատչելի հղումներ

«Թուրքիայում ընդդիմությունը լռեցվում է». Քիլիչդարօղլու


Թուրքիայի ընդդիմադիր հիմնական՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլու

«Վաշինգտոնում շատերը քննարկում են, արդյոք Թուրքիայում իշխող «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը կարող է օրինակ ծառայել «Արաբական գարնան»՝ բռնապետական վարչակարգերից ազատվել և իրական ժողովրդավարություն հաստատել ցանկացող Մերձավոր Արևելքի մեր հարևանների համար: Թուրքիայում տիրող իրականությունից պարզ է դառնում, որ «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը չի կարող որպես օրինակ ծառայել»:

Այս խոսքերով է սկսվում «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականում Թուրքիայի ընդդիմադիր հիմնական՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի հոդվածը, որտեղ վերջինը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում իշխող կուսակցությունը և վերջինիս կողմից ընտրած ուղին և կառավարման ոճը:

«Նոյեմբերի 9-ին ես այցելել էին «Սիլիվրի» բանտը, որտեղ պահվում են ազատազրկված հարյուրավոր լրագրողներ, հրատարակիչներ, զինված ուժերի սպաներ, գիտնականներ և քաղաքական գործիչներ», - գրում է Քիրիչդարօղլուն՝ շարունակելով. «Նրանց գործերով դատավարությունը սկսվել էր դեռևս 2007 թվականին՝ ընդհատակյա ազգայնամոլական կուսակցության մեջ մասնակցելու մեղադրանքներով, որը կառավարությունը տապալելու նպատակ է հետապնդել»:

«Բանտարկվածներից շատերն արդեն մի քանի տարի է գտնվում են ազատազրկման մեջ՝ առանց դատարանի որոշման: Մինչ այժմ չի կայացվել մեղադրական որևէ դատավճիռ», - տեղեկացնում է Քիրիչդարօղլուն՝ հավելելով. «Վտանգի տակ է արդարադատությունը, որն մինչ օրս կոպտորեն արհամարհվել է: Թուրքիայում իշխող կուսակցության կողմից օրենքի գերակայության դեմ ուղղված հարձակումները չեն դադարում», - գրում է Քիրիչդարօղլուն՝ ասելով, որ «նման դատավարությունները, դրանք անցկացնելու դեպքում, Թուրքիան կարող էր մաքրվել անցյալի սխալներից, սակայն դրանք ընդդիմությանը լռեցնելու և ազատություները ճնշելու գործիք են դարձել»:

Ժողովրդա-հանրապետական կուսակցություն առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի համաձայն, ժամանակակից Թուրքիայում մարդկանց, հակառակ անմեղության կանխավարկածի, վերաբերվում են որպես մեղավոր՝ մինչև չհաստատվի վերջիններիս անմեղությունը:

«Անձին ձերբակալելուց հետո իշխանությունները հավաքում են խախտումը հիմնավորելու համար անհրաժեշտ ապացույցներ: Մեղավորության կանխավարկածը սովորական երևույթ է դարձել: Ցավոք, կառավարության բոլոր ընդդիմախոսները համարվում են պոտենցիալ ահաբեկիչներ կամ պետության դեմ դավադրություն կազմակերպողներ», - նշում է Քիրիչդարօղլուն՝ շարունակելով. «Այժմյան Թուրքիայում դատական համակարգը քննադատողի նկատմամբ գործ է հարուցվում, իսկ դատարան դիմողի դեմ՝ պատժամիջոցներ կիրառվում»:

«Ժամանակակից Թուրքիան պետություն է, որտեղ մարդիկ վախի մեջ են ապրում, և որտեղ նրանք բաժանված են քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմունքներով: Մեր ժողովրդավարությունն անկում է ապրում՝ իշխանության բաժանման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, սոցիալական զարգացման և արդարադատության առումով: Երկրի քաղաքացիներն անհանգստանում են իրենց ապագայի համար», - շեշտում է Թուրքիայի ընդդիմադիր հիմնական կուսակցության առաջնորդը՝ հավելելով. «Բաժանման և բևեռացման բազմաթիվ եղանակներից տառապող պետությանը անկում է սպառնում»:

«Ճնշման, ահաբեկման և ազատությունների սահմանափակման ռազմավարությունը կարող է օգնել կառավարությանը պահպանել իր իշխանությունը, սակայն ոչ երկար ժամանակ: Պատմության մեջ ավտորիտար միջոցներ օգտագործող որևէ կառավարության չի հաջողվել երկար պահպանել իր իշխանությունը: Ճնշումը երկար չի կարող տևել. միայն արդարությունն է հավերժ, և Թուրքիան այդ առումով բացառություն չէ», - եզրափակում է «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցություն առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուի հոդվածը:

XS
SM
MD
LG