Մատչելի հղումներ

Բանտարկված լրագրող. «Հրանտ Դինքին սպանողներն ազատության մեջ են»


Լրագրող Նեդիմ Շեները՝ ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո (արխիվային լուսանկար)

«Հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողներն ազատության մեջ են», - ասել է Թուրքիայում բանտարկության մեջ գտնվող լրագրող Նեդիմ Շեները՝ «Օդա Թի-Վի» գործի դատական հերթական նիստի ժամանակ:

Լրագրող Շեները հունվարի 23-ին անցկացված դատավարության ընթացքում, որի ժամանակ լսվել է իր և տասը այլ կասկածյալների գործը, ասել է, որ թեև ինքը բանտարկվել է, սակայն «անհնար է բանտարկել ճշմարտությունը»:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Շեներն ասել է, թե «Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճիռն իրենց չի զարմացրել»:

«Երբ պաշտոնատար անձինք հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ սպանության հետևում որևէ կազմակերպություն կանգնած չէ, ես շարունակել եմ որոնել անօրինական ցանցի գործունեության մասին վկայող հանցանշաններ: Ճակատագրի հեգնանքով, հենց այս պատճառով ես հիմա գտնվում եմ այստեղ՝ մեղադրված լինելով անօրինական կազմակերպությանն անդամակցելու մեջ», - ասել է բանտարկված լրագրող Շեները՝ հավելելով. «Նրանք, ովքեր պետք է ամաչեն, բանտում չեն, այլ գտնվում են ազատության մեջ»:

Նեդիմ Շեներն ասել է նաև, որ որևէ կապ չունի գործով անցնող այլ կասկածյալների հետ:

«Մեզանից ոչ ոք դատական այս գործը հարուցելուց առաջ իրար չի ճանաչել: Ոստիկանության նախկին պետ Հանեֆի Ավջին ժամանակին իրականացրել է գրող Յալչին Քյուչուկի գործի հետաքննությունը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ վերջինիս հնարավոր կապերի պատճառով: Մեղադրական եզրակացության մեջ սակայն նշվում է, որ Ավջին հրամաններ է ստացել Քյուչուկից», - նշել է լրագրող Շեները:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության հարցով անվտանգության ուժերին մեղադրող գրքի հեղինակ, ճանաչված լրագրող Նեդիմ Շեներն անցյալ տարվա մարտ մասին ազատազրկման է դատապարտվել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։

Նեդիմ Շեների հետ նույն օրը ազատազրկման է դատապարտվել «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում կատարվող բռնությունների մասին գրքի համահեղինակներից մեկը՝ Ահմեթ Շիքը:

Շեներն ու Շիքը ձերբակալվել էին իրենց տները Թուրքիայի ոստիկանության կողմից խուզարկման ենթարկվելուց հետո, ինչն իրականացվել է «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ վիճահարույց հետաքննության շրջանակներում:

Եվրոպական հանձնաժողովը, ԱՄՆ-ը և «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպությունն իրենց անհանգստությունն են արտահայտել Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների հանգամանքով:

«Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում Թուրքիայում արդեն իսկ բանտարկվել է մի քանի հարյուր մարդ։

XS
SM
MD
LG