Մեքսիկական ծոցում գործող նավթային ընկերությունները էվակուացնում են իրենց աշխատողներին՝ նախապատրաստվելով Միացյալ Նահանգների օդերևութաբանների կողմից հայտարարված հնարավոր ուժգին մրրիկի հարվածի:
ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի համաձայն, Մեքսիկական ծոցի վրա ձևավորված ցածր ճնշման համակարգը կարող է վերածվել արևադարձային ցիկլոնի: Լուիզիանա նահանգի նահանգապետը արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ ասելով, որ փոթորիկը կարող է այս նահանգում դառնալ մինչև 38 սանտիմետր տեղումների պատճառ:
Միացյալ Նահանգների հարավային ափի մոտակայքում մրրիկի վտանգի առկայության պատճառով «Shell», «Exxon Mobil» և «BP» ընկերությունները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները նավթային և բնական գազի արդյունահանման հարթակներում: «Chevron» ընկերությունը սակայն չի էվակուացրել իր նավթային հարթակների աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ անձնակազմը:
Միացյալ Նահանգներում դեռևս շարունակվում են «Այրին» փոթորկի հետևանքների վերացման աշխատանքները:
Վերմոնտ, Կոնեկտիկուտ, Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում հարյուր հազարավոր մարդիկ դեռևս մնում են առանց էլեկտրականության, բազմաթիվ դպրոցներ չեն սկսել իրենց աշխատանքը:
«Այրին» փոթորկի պատճառով Միացյալ Նահանգներում զոհվել է առնվազն 45 մարդ, ևս հինգ մարդ զոհվե է Կարիբյան ծովի կղզիներում: Փոթորիկը հասցրել է մի քանի միլիարդ դոլարի վնաս, որի վերացման համար ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է տարերային աղետի մասին հայտարարագիր Նյու Յորք, Նյու Ջերսի և Հյուսիսային Կարոլինա նահանգների համար՝ հասանելի դարձնելով տարերային աղետից վերականգնման համար անհրաժեշտ դաշնային ֆինանսական միջոցները:
Այս ընթացքում օդերևութաբանները հետևում են Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված «Կատյա» արևադարձային մրրիկի տեղաշարժման, որով առաջացրած քամու արագությունը կազմում է ժամում 110 կիլոմետր: ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի համաձայն, «Կատյան» մինչև շաբաթ օրը կարող է վերածվել ուժգին փոթորկի: