Մատչելի հղումներ

«Զարգացած պետություններում գործազրկության մակարդակը բարձր կմնա». զեկույց


Աշխատանք փնտրողները` Նյու Յորքում (արխիվային լուսանկար)
Աշխատանք փնտրողները` Նյու Յորքում (արխիվային լուսանկար)

«Վերջին չորս տասնամյակի ընթացքում տնտեսության ամենադանդաղ վերականգնման հետևանքները ծանր կանդրադառնան հիմնականում երիտասարդների և ցածր որակավորում ունեցող աշխատողների վրա»

«Զարգացած պետություններում գործազրկության մակարդակը բարձր է մնալու առնվազն մինչև 2013 թվականի վերջը, և վերջին չորս տասնամյակի ընթացքում տնտեսության ամենադանդաղ վերականգնման հետևանքները ծանր կանդրադառնան հիմնականում երիտասարդների և ցածր որակավորում ունեցող աշխատողների վրա»:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, նման հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, որի անդամ 34 պետություններում մինչև գալիք տարվա ավարտը գործազրկության մակարդակը մնալու է անփոփոխ՝ 7,7 տոկոս մակարդակի վրա՝ գրեթե չնվազելով այս տարվա մայիս ամսվա ընթացքում գրանցված 7,9 տոկոսից:

«2012 թվականի աշխատաշուկայի կանխատեսում» զեկույցում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նշել է, որ գործազրկության նման մակարդակի պատճառով առանց աշխատանքի է մնալու մոտ 48 միլիոն մարդ:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան նշել է, որ տնտեսական անկման վերաբերյալ վերջերս հրապարակված տվյալները «վատ լուր» են դարձել մասնավորապես աշխատաշուկայի համար:

«Հույժ կարևոր է, որ կառավարություններն օգտագործեն ունեցած բոլոր միջոցները գործազուրկներին, մասնավորապես երիտասարդներին, օգնություն ցուցաբերելու համար՝ վերացնելով աշխատատեղերի ստեղծման համար առկա բոլոր խոչընդոտները և ներդրում կատարելով նրանց կրթական և մասնագիտական մակարդակը բարձրացնելու մեջ», - ասել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախագահը:
XS
SM
MD
LG