Մատչելի հղումներ

Օբաման զգուշացրել է Ասադին քիմիական զենքի կիրառման «հետևանքների» մասին


«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և իր հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ այս երկրում ընդդիմության դեմ կառավարական զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

Այս հայտարարությամբ նախագահը հանդես է եկել Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության ազգային հաստատությունում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում:

«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և նրա հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ: Քիմիական զենքի կիրառումը որևէ արդարացում չի ունենա: Եթե կատարեք ողբերգական նման սխալ, ապա դրա հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի ձեր վրա», - ասել է նախագահ Օբաման՝ հավելելով, որ «չենք կարող թույլ տալ, որ 20-րդ դարի ամենազարհուրելի զենքերը մռայլեցնեն 21-ր դարը»:

Միջոցառման ընթացքում նախագահ Օբաման և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան խոսել են նաև Զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի գործողության արդյունքում գրանցված ձեռքբերումների մասին:

Զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի գործողությունը շուտով սպառվում է, և նախագահ Օբաման հորդորել է Մոկսվային աշխատանք տանել՝ պայմանագրի արդիականացման և երկու պետությունների անվտանգությունը բարձրացնելու շուրջ:

Օբաման ասել է նաև, որ երկու պետությունները պետք է շարունակեն զանգվածային զենքերի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները, որպեսզի նման զենքեր չհայտնվեն ահաբեկիչների ձեռքերում: Նա նշել է նաև, որ միջուկային ահաբեկչությունը կանխելուն ուղղված աշխատանքը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության առաջնորդություններից:
XS
SM
MD
LG