Մատչելի հղումներ

Օբաման խոստացել է պայքարել Ռուսաստանի «մութ ռազմավարության» դեմ


ԱՄՆ-ի նախագահն ուղերձով ելույթ է ունեցել Լեհաստանում ժողովրդավարության հաղթանակի 25-ամյակին նվիրված արարողության ընթացքում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է պայքարել «մութ ռազմավարության» դեմ, որը, իր խոսքով, օգտագործում է Ռուսաստանը՝ փորձելով իր կամքը թելադրել Ուկրաինայի ժողովրդին:

Հանդես գալով Վարշավայում անցկացված Լեհաստանում ժողովրդավարության հաղթանակի 25-ամյակին նվիրված հանրահավաքի ընթացքում՝ նախագահ Օբաման շեշտել է, որ ազատ աշխարհի պետությունները միասնական են Ուկրաինայի ինքնիշխանությունը պաշտպանելու իրենց վճռականության մեջ:

«Մենք միասնական ենք, քանի որ հավանում ենք, որ ժողովուրդներն ու պետություններն ունեն ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք: Դա վերաբերվում է նաև Ուկրաինայի ժողովրդին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Մեր ազատ պետությունները կշարունակեն կանգնած մնալ միասնական շարքում՝ ապահովելու համար, որ Ռուսաստանը թանկ վճարի հետագա սադրանքների դիմաց, և որ դրանք Ռուսաստանի համար անդրադառնան հետագա մեկուսացմամբ: Մենք շատ արյուն ենք թափել և զգալի միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար Եվրոպայի միասնությունը, և այդ պատճառով հրաժարվում ենք թույլ տալ, որպեսզի 20-րդ հարյուրամյակի մութ ռազմավարությունը որոշի 21-իդ դարի բնույթը», - շեշտել է նախագահ Օբաման:

Լեհաստանում ժողովրդավարության հաղթանակի 25-ամյակին նվիրված հանրահավաքի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման ուղերձով հանես է եկել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենոկոյի հետ անցկացված հանդիպման ընթացքում հայտնել էր Ուկրաինային հինգ միլիոն դոլարի ծավալով ռազմական նոր օգնություն տրամադրելու մասին:

ԱՄՆ-ի Սպիտակ տան փոխանցմամբ՝ Ուկրաինային նոր օգնության փաթեթը ներառում է զրահաբաճկոնների, գիշերային տեսողության սարքերի և կապի միջոցները առաքում:

Սպիտակ տան համաձայն, Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայում անվտանգության ամրապնդմանն ուղղված օգնության ընդհանուր ծավալն այս տարվա մարտ ամսից հասել է արդեն 23 միլիոն դոլարի:

«Միացյալ Նահանգները ստանձնել են Ուկրաինայի ժողովրդին սատարելու հանձնառությունը ոչ միայն գալիք շաբաթների, այլև գալիք տարիների ընթացքում», - Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասել էր նախագահ Օբաման:
XS
SM
MD
LG