Մատչելի հղումներ

Օբամա. «ԱՄՆ-ի և Իսրայելի դաշինքը հավիտենական է»


«Սուրբ Երկրում պետք է խաղաղություն հաստատվի», - Իսրայել ժամանելուց հետո իր խոսքում նշել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:

▶ || ■
12:00:00 / -:--:--
🔇 🔉
Ներբեռնել

Օբամա. «ԱՄՆ-ի և Իսրայելի դաշինքը հավիտենական է»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, չորեքշաբթի օրը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո հանդիսավոր ընդունելության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև դաշինքը «ընդմիշտ է և հավիտենական»:

Օդանավակայանում հավաքված բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, թե նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո կատարվող օտարերկրյա առաջին շրջագայությունը սկսել է Իսրայելում՝ վերահաստատելու համար Միացյալ Նահանգների ամուր կապն Իսրայելի հետ:

«Ամբողջ տարածաշրջանում փոփոխությունների քամին բերում է ինչպես նոր խոստումներ, այնպես էլ նոր վտանգներ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը: - «Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր երկու պետությունների միջև անբաժանելի կապը, վերահաստատել Ամերիկայի անսասան հանձառությունն Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու գործում, ինչպես նաև անմիջական երկխոսություն ծավալել Իսրայելի ժողովրդի և ձեր հարևանների հետ»:

«Սուրբ Երկրում պետք է խաղաղություն հաստատվի», - Իսրայել ժամանելուց հետո իր խոսքում նշել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:

Իր պատասխան խոսքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատմական փոփոխությունների ժամանակին Իսրայելի ժողովրդի կողքին կանգնելու համար:

Օդանավակայանում նախագահ Օբաման ծանոթացել է Միացյալ Նահանգների բազմամիլիոն ֆինանսական աջակցությամբ ստեղծված Իսրայելի հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի մարտկոցներին և այլ սարքավորումներին:

Նախագահ Օբաման օդանավակայանում կայացած արարողությունից հետո ուղղաթիռով ուղևորվել է Երուսաղեմ, որտեղ բանակցություններ կանցկացվեն իր ու Իսրայելի նախագահի ու վարչապետի միջև: Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Իսրայելի և պաղեստինցիների միջև հարաբերությունների, Սիրիայում շարունակվող ճգնաժամի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող խնդիրները:

Հորդանանի արևմտյան ափ նախագահ Օբաման կժամանի հինգշաբթի օրը և հանդիպումներ կունենա պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և վարչապետ Սալամ Ֆայադի հետ:

ԱՄՆ-ի նախագահն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնի Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ, որի ղեկավարած պետությանը Միացյալ Նահանգներն օգնում է հաղթահարել Սիրիայից բազմաթիվ փախստականների ժամանելու հետևանքով առաջացած ճգնաժամը: Նույն օրը Օբաման կայցելի 1995 թվականին հրեա ծայրահեղականի զոհ գնացած Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինի և սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզմանները: Դրանից հետո Օբաման կայցելի Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը, ապա կվերադառնա Հորդանան գետի արևմտյան ափ և կայցելի Բեթղեհեմում գտնվող Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցին:
XS
SM
MD
LG