Մատչելի հղումներ

Օբաման հորդորել է ամերիկացիներին համակրանք ցուցաբերել հրաձգության զոհերի ընտանիքներին


Իջեցված դրոշը, ԱՄՆ-ի Սպիտակ տուն, 20 հուլիսի 2012թ.
Իջեցված դրոշը, ԱՄՆ-ի Սպիտակ տուն, 20 հուլիսի 2012թ.

«Չնայած կարող է երբեք չիմանանք, թե ինչ պատճառով է մեկ մարդ մյուսի կյանքը խլում, սակայն հաստատ գիտենք, թե ինչն է այն, ինչի համար արժե ապրել»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրճատել է Ֆլորիդա նահանգում անցկացվող իր քաղաքական ընտրարշավը և վերադարձել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոն՝ արձագանքելով Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում տեղի ունեցած ողբալի իրադարձությունների:

Ազգային անվտանգության և հակաահաբեկչական հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բրենանն ուրբաթ առավոտյան տեղեկացրել է նախագահին տեղի ունեցած հրաձգության մասին այն ժամանակ, երբ նախագահը նախապատրաստվում էր Ֆլորիդայում անցկացվող քարոզարշավի վերջին օրվան:

Օբաման, կարգադրելուց հետո իր վարչակազմին անել ամեն ինչ՝ «աննկարագրելի դժվար այս ժամանակներում Կոլորադոյի քաղաքի բնակիչներին սատարելու նպատակով», հեռախոսազրույց է ունեցել Ավրորայի քաղաքագլխի և Կոլորադոյի նահանգապետի հետ:

Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մեյերս քաղաքում նույն օրը կատարած իր առաջին կանգառի ընթացքում նա ասել է, որ ողբալի այս իրադարձությունը կրկին պետք է հիշեցնի մարդկանց «ամերիկյան միասնական ընտանիք մնալու անհրաժեշտության մասին»:

«Չնայած կարող է երբեք չիմանանք, թե ինչ պատճառով է մեկ մարդ մյուսի կյանքը խլում, սակայն հաստատ գիտենք, թե ինչն է այն, ինչի համար արժե ապրել», - ասել է նախագահ Օբաման: - «Ավրորայում զոհված մարդիկ սիրում էին և սիրված են եղել: Նրանք մայրեր և հայրեր, ամուսիններ, որդիներ և դուստրեր, քույրեր և եղբայրներ, ընկերներ և հարևաններ են եղել: Նրանք ապագայի հետ կապված հույսեր ունեին և չիրականացված երազանքներ»:

Բարաք Օբաման ասել է, որ այս ողբերգությունը պետք է սովորեցնի բոլորին, թե մարդկանց համար որքան կարևոր է սիրել և լավ վերաբերվել միմյանց, և առաջարկել էր Ֆորտ Մեյերի հանդիպման մասնակիցներին լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման, ինչպես նաև փոխնախագահ Ջո Բայդենը առայժմ դադարեցրել են ընտրարշավի հետ կապ ունեցող բոլոր միջոցառումները: Նախագահ Օբաման և նախագահական ընտրություններում հանրապետական իր հնարավոր մրցակից Միթ Ռոմնին Կոլորադո նահանգում դադարեցրել են քաղաքական գովազդի հեռարձակումը:


Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի «Սենչուրի 16» կինոթատրոնում տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել է 12, վնասվածքներ ստացել 59 մարդ:

Ոսիտկանությունը հայտնել է կասկածյալին քիչ անց կինոթատրոնի ավտոկայանատեղիում ձերբակալելու մասին: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ, հրացան, ձեռքի ատրճանակ և հակագազ:

Իրավապահպան մարմինների համաձայն, կինոթատրոնում հրաձգություն իրականացնելու կասկածյալն է 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը, և այս հրաձգության փաստի և ահաբեկչական խմբերի միջև կապի որևէ հանգամանք չի հայտնաբերվել:
XS
SM
MD
LG