Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը տասը տոկոսով նվազեցրել է նավթի ներմուծումը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հանդես է եկել ներմուծվող նավթից Միացյալ Նահանգների կախվածության նվազեցման մասին հայտարարությամբ՝ նշելով սակայն, որ երկրում նավթի գների վերջերս գրանցված աճը «ցավոտ հիշեցում է» այն բանի, որ դեռևս շատ անելիք կա այս ուղղությամբ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության հիմքում ընկած է զեկույց, որտեղ ներկայացվել են Միացյալ Նահանգներ ներմուծվող նավթից կախվածության նվազման և էներգիայի ներքին արտադրության զարգացմանն ուղղված մեկամյա ջանքերի արդյունքները:

Զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներին վերջին մեկ տարվա ընթացքում հաջողվել է տասը տոկոսով՝ օրական մեկ միլիոն տակառով կրճատել նավթի ներմուծումը, ավելացնել երկրի ներսում նավթի և բնական գազի արտադրությունը, ինչպես նաև իրականացնել էներգաարդյունավետության բարձրացմանն ու վերականգնվող էներգիայի արտադրության ավելացմանն ուղղված միջոցառումներ:

Այնուամենայնիվ, «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի և «Էյ-Բի-Սի Նյուզ» ընկերության կողմից անցկացված հասարակության կարծիքի հարցման արդյունքներով, նախագահ Օբամայի քաղաքականությունը հավանության է արժանացրել հարցման մասնակիցների 46 տոկոսը, ինչը չորս տոկոսով ցածր է ընդամենը մեկ ամիս անց գրանցված արդյունքից:

Հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդն իրենց դժգոհությունն են հայտնել նախագահի կողմից վառելիքի գների կտրուկ բարձրացումը սանձահարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն ընդունել է հասարակ ամերիկացիների կյանքի վրա վառելիքի բարձրացող գների բացասական ազդեցության հանգամանքը ՝ նշելով սակայն, որ այս խնդրին արագ լուծում գոյություն չունի:

XS
SM
MD
LG