Մատչելի հղումներ

Օբաման պաշտոնական այցով ժամանել է Շվեդիա


Շվեդիայի մայրաքաղաքում Օբաման հանդիպումներ կունենա Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի և թագավոր Կառլ XVI Գուստավի հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը ժամանել է Շվեդիա, որտեղ բանակցություններ կանցկացնի այս երկրի ղեկավարության հետ տնտեսական և շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաև երկկողմանի հարաբերություններին վերաբերող խնդիրների շուրջ:

Շվեդիայի մայրաքաղաքում Օբաման հանդիպումներ կունենա Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի և թագավոր Կառլ XVI Գուստավի հետ:

Այցի ընթացքում կայանալիք ընթրիքի ժամանակ նախագահ Օբաման կհանդիպի նաև հյուսիսային այլ պետությունների՝ Ֆինլանդիայի, Դանիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ:

Շվեդիա կատարվող այցի ընթացքում նախագահ Օբաման կանդրադառնա Շվեդիայում իրականացվող գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրերին, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի շվեդացի դիվանագետ Ռաուլ Վալենբերգին, որը Հրեական ողջակիզման ընթացքում կարողացել էր փրկել առնվազն 20 հազար մարդ:

Շվեդիայում բանակցություններից հետո Օբաման կուղևորվի Սանկտ-Պետերբուրգում «Մեծ Քսանկայի» կայանալիք հանդիպման:
XS
SM
MD
LG