Ամերիկյան սահմանադրության համաձայն, ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ պարտավոր է պարբերաբար երկրի օրենսդիրին զեկուցել իր կառավարության անելիքների ընթացքը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ելույթը, որի ընթացքում նախագահը ներկայացրել է 2010 թվականի ընթացքում իր և իր վարչակարգի կողմից կատարված աշխատանքը, տևեց 1 ժամից ավելի:
Այն հիմնականում վերաբերում էր ԱՄՆ-ի տնտեսության, ֆինանսական շուկայի, կրթության, առողջապահության և գործազրկության դեմ պայքարի ոլորտներում իր վարչակազմի կողմից կատարված աշխատանքներին:
Իր ամենամյա ելույթում` խոսելով անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին, նախագահ Օբաման նշել է, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների ժողովրդի արտահայտած կամքն է, որ երկրի կառավարումն իրականացվի երկու կուսակցությունների համատեղ ջանքերով և պատասխանատվությամբ:
Նոր օրենքներն ընդունվելու են դեմոկրատների և հանրապետականների կողմից հավանության արժանանալու դեպքում միայն։ «Մենք, կամ առաջ ենք ընթանալու, կամ` դոփելու ենք տեղում. մեր առջև առկա փորձություններն ավելի մեծ են, քան որևէ առանձին կուսակցության շահերն ու քաղաքականությունն ընդհանրապես»։
Իր խոսքում Օբաման հիշեցրել է, որ ներկայումս վտանգի տակ է ոչ թե հաջորդ ընտրությունների ընթացքում հաղթելու հնարավորությունը, այլև այն հանգամանքը, թե արդյոք նոր աշխատատեղեր, կամ նույնիսկ ամբողջ ոլորտներ ձևավորվելու և զարգանալու են: Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում վտանգված է Ամերիկայի ժողովրդի՝ քրտնաջան աշխատանքի դիմաց ըստ արժանվույն փոխհատուցված լինելու հնարավորությունը։
«Հարցականի տակ է դրված այն, թե արդյոք կարողանալու ենք պահպանել այն առաջնորդությունը, որն Ամերիկան դարձրել է ոչ թե պարզապես աշխարհագրական վայրերից մեկը, այլ աշխարհին լուսավոր գաղափարներ քարոզող երկիր։ Մենք պատրաստ ենք առաջընթացի»։
Ֆինանսատնտեսական վերջին ժամանակների ամենախորը ճգնաժամից երկու տարի անց, վերականգնվել են արժեթղթերի շուկաները, բարձրացել ընկերությունների եկամուտները։ Երկրի տնտեսությունը կրկին աճում է։
Առաջընթացը երբեք չենք չափել միայն վերոհիշյալ չափանիշներով։ Մեզ համար առաջընթացի չափանիշ են հանդիսանում մեր ժողովրդի հաջողությունները՝ այն աշխատանքը, որը մարդիկ կարող են գտնել և աշխատանքով ապահովվող կյանքի մակարդակը: Փոքր ձեռնարկատիրոջ գաղափարների իրականացումը, որ իր ձեռնարկությանը եկամտաբերություն է ապահովելու, բարգավաճ կյանք վայելելու հնարավորությունը, որը փոխանցում ենք մեր երեխաներին։ Հենց դրանք են այն նախագծերը, որ անհրաժեշտ են Ամերիկայի ժողովրդին և որոնց իրականացման ուղղությամբ մենք պետք է աշխատենք միասին»։
Նախագահ Օբաման հիշեցրել է նաև, որ կես դար առաջ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ից առաջ է անցել՝ իր արբանյակով տիեզերքում հայտնվելով: Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում չէին կարող նույնիսկ ենթադրել, թե ինչպես կարելի է առաջ անցնել Խորհրդային Միությունից դեպի Լուսին մարդու թռիչք իրականացնելով կամ որևէ այլ ճանապարհով, քանի որ գիտությունը դեռ պատրաստ չէր լուծել խնդիրը, գոյություն չուներ նույնիսկԱՄՆ-ի Օդագնացության և Տիեզերքի Գործակալությունը (NASA)։
«Սակայն ներդրում կատարելով առավել որակյալ հետազոտություններ իրականացնելու և կրթական համակարգում ԱՄՆ-ը ոչ միայն առաջ անցավ Խորհրդային Միությունից, այլև հիմք դրեց նորամուծությունների այնպիսի ալիքի, որը նպաստել է արդյունաբերության նոր ոլորտների և միլիոնավոր աշխատատեղերի ստեղծմանը։
Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մեր սերունդը բախտորոշ փորձությունների առջև է կանգնած: Սա մեր սերնդի տիեզերական թռիչքի ժամանակն է», - ընդգծել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։