Մատչելի հղումներ

Ամենամյա ելույթում Օբաման առաջ է քաշել տնտեսական ծրագրի գաղափարը


Ամենամյա ելույթում Օբաման առաջ է քաշել տնտեսական ծրագրի գաղափարը
Ամենամյա ելույթում Օբաման առաջ է քաշել տնտեսական ծրագրի գաղափարը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի ուշ երեկոյան կայացած իր ամենամյա ելույթի հիմնական մասը նվիրել է ԱՄՆ-ի տնտեսական վերականգնումն արագացնելու ծրագրերին:

Դիմելով տարաձայնությունների պատճառով բաժանված Կոնգրեսին և մտահոգված ամերիկացիներին, նախագահ Օբաման առաջ է քաշել տնտեսական բարեկեցությունն ավելացնելու իր գաղափարը:

«Մտածեք հասանելիության սահմաններում գտնվող Ամերիկայի մասին՝ այն երկրի, որն իր ժողովրդին կրթություն տրամադրելու առաջատարն է: Այն Ամերիկայի մասին, որը՝ խթանելով, ստեղծում է բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ արտադրական հզորություններ և բարձր վարձատրվող աշխատատեղեր: Այն ապագայի մասին, երբ մենք կվերահսկենք մեր էներգետիկայի ոլորտը և մեր բարեկեցությունն այդքան շատ կախված չի լինի աշխարհի անկայուն տարածաշրջաններից: Դիմացկուն և տևական տնտեսության մասին, որտեղ քրտնաջան աշխատանքը և պատասխանատու վերաբերմունքը լավ են վարձատրվում», - ասել է նախագահ Օբաման:

Փորձելով քաջալերել մտահոգություններով ծանրաբեռնված միջին խավը՝ նախագահը շեշտել է, որ վերընտրվելու իր արշավի հիմնական թեմաներից է եկամուտների անհավասարության նվազեցումն ու տնտեսության արդարության բարձրացումն է:

Նախագահ Օբաման ասել է, թե այժմ վճռորոշ խնդիր է հանդիսանում Ամերիկայի խոստումի պահպանումը: «Չկա դրանից առավել հրատապ մարտահրավեր: Չկա դրանից առավել մեծ նշանայություն ունեցող բանավեճ: Մենք կարող ենք կամ ստեղծել մի այնպիսի երկրի, որտեղ մարդկանց գնալով ավելի փոքր թիվը շատ լավ է ապրում, իսկ ամերիկացիների հետզհետե ավելացող թվի համար ապրուստ հայթայթելը գնալով դժվարանում է, կամ կարող ենք վերականգնել այնպիսի մի տնտեսություն, որտեղ յուրաքանչյուր ոք ստանում է իրեն հասանելիք, արդար մասը և բոլորի համար խաղի կանոնները նույնն են: Վտանգված են ոչ թե դեմոկրատական կամ հանրապետական արժեքները, այլ ամերիկյան արժեքները: Մենք պետք է վերականգնենք դրանք»:

Իր ելույթում նախագահ Օբաման կոչ է արել ներգաղթի մեծածավալ խնդիրների լուծման հարցում փակուղում հայտնված Կոնգրեսին ընդունել փոքրածավալ միջոցներ:

«Եթե ընտրական տարվա քաղաքականության պատճառով Կոնգրեսը չի ցանկանում մշակել համապարփակ ծրագիր, ապա եկեք առնվազն համաձայնվենք երկրից չվտարել պատասխանատու երիտասարդներին, որոնք աշխատում են մեր լաբորատորիաներում, աշխատատեղեր ստեծում և պաշտպանում մեր երկիրը», - նշել է նախագահ Օբաման:

Խոստովանելով, որ իր կողմից ներկայացվող առաջարկությունները հանդիպում են Կոնգրեսի հանրապետականների կազմակերպված ընդդիմության, նախագահը խոստացել է շարունակել պայքարը՝ հանրապետականների աջակցությամբ կամ առանց դրա:

«Քանի դեռ զբաղեցնում եմ նախագահի պաշտոնը, ես կաշխատեմ Կոնգրեսի ցանկացած գործչի հետ՝ ստեղծված հնարավորությունները հնարավորինս լավ օգտագործելու նպատակով: Սակայն ես պատրաստվում եմ խոչընդոտների դեմ պայքարել գործողությամբ, և դեմ հանդես կգամ տնտեսական ճգնաժամի պատճառը դարձած գործելակերպին վերադառնալու բոլոր ջանքերին»:

Խոսելով Միացյալ Նահանգներում աշխատատեղերի ստեղծման մասին, նախագահ Օբաման մասնավորապես ասել է. «Ոչ, մենք չենք վերադառնա աշխատանքն արտասահման ուղարկելու գործելակերպին, վատ պարտքերով և ֆինանսական կեղծ եկամուտներով թուլացած տնտեսությանը»:

Իր ամենամյա ելույթում ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է նաև անցյալ տարվա ընթացքում Միացյալ Նահանգների կողմից միջազգային հարաբերությունների ոլորտում տարված մի շարք հաղթանակների մասին:

Նախագահ Օբաման խոսել է Իրաքում պատերազմն ավարտելու, Աֆղանստանում վարվող պատերազմում կատարված առաջընթացի, «ալ-Քայիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի ոչնչացման, ինչպես նաև «Արաբական գարնան» և Բիրմայում ազատության ավելացման մասին, նշել է Իրանում իրականացվող միջուկային ծրագրի պատճառով այս երկրի վրա գործադրվող ճնշման մասին:

Նա ասել է նաև, որ աշխարհում իրեն զգացնել է տալիս Ամերիկայի առաջատար դիրքերի վերականգնումը, և որ «Ամերիկան վերադարձել է»:

«Ցանկացած անձ, ով կասի, որ Ամերիկան թուլացել է, իսկ մեր ազդեցությունը՝ վերացել, չգիտի, թե ինչի մասին է խոսում», - իր ամենամյա ելույթում շեշտել է նախագահ Օբաման:

XS
SM
MD
LG