Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն անակնկալ այց է կատարել Աֆղանստան


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է «ալ-Քայիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի ոչնչացման առաջին տարեդարձը՝ անսպասելի այց կատարելով Աֆղանստան, որի ընթացքում ստորագրել է ռազմավարական դաշնագիր Քաբուլի հետ և հանդես եկել Ամերիկայի ժողովրդին ուղղված ուղերձով:

Խոսելով Աֆղանստանում գտնվող ռազմաօդային բազայից, նախագահ Օբաման ասել է, թե «Միացյալ Նահանգներն ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է պատերազմի սև ամպի տակ»՝ հավելելով, որ «այժմ հորիզոնին երևաց նոր օրվա լույսը»:

ԱՄՆ-ի նախագահն իր խոսքում նշել է, որ «ալ-Քայիդա»-ին ոչնչացնելու նպատակը շատ մոտ է: «Այս անգամ պատերազմը սկսվել է Աֆղանստանում և այստեղ էլ կավարտվի», - ասել է նա:

Իր ելույթից առաջ Միացյալ Նահանգների նախագահն ու իր գործընկեր, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ստորագրել են երկու պետությունների միջև Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը կարգավորում է անվտանգության, տնտեսական և կառավարման խնդիրները, ինչպես նաև Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները 2014 թվականից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական մասը նախատեսում է ավարտի հասցնել ռազմական դերն այս երկրում:

Համաձայնագիրը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին պատերազմի ավարտից հետո Աֆղանստանում պահպանել փոքրաթիվ ստորաբաժանումների ներկայությունը՝ Աֆղանստանի ուժերին վարժանքներ տրամադրելու և «ալ-Քայիդա»-ի նկատմամբ սահմանափակ թիրախավորված գործողություններ իրականացնելու նպատակով:

Ռազմավարության կարևոր տարրերից է թալիբների հետ Աֆղանստանի կառավարության հարաբերությունների բարելավումը՝ պայմանով, որ թալիբները խզելու են «ալ-Քայիդա»-ի հետ իրենց ունեցած կապերը:

Աֆղանստանի նախագահի հետ անցկացված մամուլի հետ համատեղ հանդիպման ընթացքում նախագահ Օբաման ասել է, որ «ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովուրդը պատերազմ չէին ցանկանում»՝ համոզմունք հայտնելով, որ «Աֆղանստանի ժողովուրդը կհասկանա, որ ԱՄՆ-ն իրենց կողմից է»:

XS
SM
MD
LG