Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ստորագրել է 600 միլիոն դոլար արժողությամբ սահմանային անվտանգության օրինագիծը


ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 600 միլիոն դոլար արժողությամբ սահմանային անվտանգության օրինագիծը, որը ստորագրելու պահից օրենքի ուժ է ստացել։ Օրենքով նախատեսվում է Մեքսիկայի հետ ԱՄՆ–ի սահման ավելի մեծ թվով իրավապահ մարմինների ծառայողներ ու սարքավորումներ ուղարկել։

ԱՄՆ–ի ներքին անվտանգության նախարար Ջենեթ Նապոլիտանոն ասել է, որ սահմանային գոտու վերահսկողության համար մեծածավալ միջոցներ տրամադրելը նպաստելու է ԱՄՆ–ի անվտանգության ամրապնդմանը։

Նա ասել է, որ «օրենքը նպաստելու է երկրի հարավ–արևմտյան սահմանի անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ միջոցների ավելացմանը՝ սատարելով անդրազգային հանցավոր կազմակերպությունների դեմ մղվող պայքարը և մարդկանց, թմրանյութերի, արժույթի և զենքի առևտուրը նվազեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները»։

Ջենեթ Նապոլիտանոյի խոսքերով, լրացուցիչ գումարները ծախսվելու են սահմանին թմրամիջոցների մաքսանենգության և բռնությունների դեմ պայքարի համար պարեկային ծառայության 1000 լրացուցիչ ծառայող, ինչպես նաև մաքսային և հետախուզական մարմիններ ծառայողներ և հետախույզներ աշխատանքի ընդունելու համար։ Բացի այդ, ձեռք են բերվելու հեռահաղորդակցման սարքավորումներ և առանց օդաչուի կառավարվող հետախուզական երկու լրացուցիչ ինքնաթիռ։

Նրա խոսքերով, նույնիսկ մինչև օրինագիծը ստորագրելը նախագահ Օբամայի վարչակազմը Մեքսիկայի հետ ԱՄՆ–ի սահմանը պաշտպանելու համար հատկացրել է այնքան միջոց, որքան ԱՄՆ–ի պատմության ընթացքում երբեք դեռ չի հատկացվել, և այդ ջանքերը բերում են դրական արդյունքների։

Նա ասել է, որ այդ աշխատանքների իրականացման արդյունքում սահմանն ապօրինի անցնելու դեպքերի թիվը նվազել է, իսկ երկրից վտարված ապօրինի ներգաղթած հանցագործների թիվը՝ աճել։

Ներգաղթի խնդիրը կարևորվելու է այս տարի կայանալիք ԱՄՆ–ի Կոնգրեսի և նահանգապետերի ընտրությունների ժամանակ։

XS
SM
MD
LG