Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին


ԱՄՆ-ի նախագահը հետաքրքրություն է արտահայտել Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրն երախտապարտություն է հայտնել Ռուսաստանին՝ Բոստոնում տեղի ունեցած պայթյուններից հետո տրամադրված օժանդակության համար, հետաքրքրություն է արտահայտել Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ:

«Պայթյուններից հետո Ռուսաստանը մեզ ամենայն աջակցություն է ցուցաբերել», - ասել է նախագահ Օբաման՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացված ասուլիսի ժամանակ՝ նշելով սակայն, որ «հին սովորույթները հաղթահարելը դժվար է», և կողմերի միջև հարաբերություններում պարբերաբար իրենց զգացնել են տալիս անցյալի արգասիքները:

Նախագահ Օբաման իր ուղերձում նշել է, որ նախօրեին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությունը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Նա երաշխավորել է մեր լիարժեք համագործակցությունը», - ընդգծել է Օբաման՝ խոսելով Ռուսաստանի նախագահի մասին:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Օբաման ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությանը:
XS
SM
MD
LG