Մատչելի հղումներ

Օբաման, Ռոմնին վերջին պատրաստություններն են տեսնում՝ հեռուստաբանավեճից առաջ


Դենվերի համալսարանում չորեքշաբթի օրը կայանալիք հեռուստաբանավեճը նվիրված կլինի ներպետական խնդիրներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնին երեքշաբթի օրը կանցկացնեն՝ տեսնելով վաղը կայանալիք 2012 թվականի առաջին հեռուստաբանավեճի վերջին պատրաստությունները:

Միթ Ռմոնին իր հարազատ Մասաչուսեթս նահանգում մի քանի օր նախապատրաստական աշխատանք անցկացնելուց հետո ժամանել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաք, որտեղ չորեքշաբթի օրը կանցկացվի առաջին հեռուստաբանավեճը: Նախկին նահանգապետն ասել է իրեն ողջունած կողմնակիցներին, թե հեռուստաբանավեճի ընթացքում խոսքը կգնա շատ ավելի կարևոր թեմաների մասին, քան այն, թե երկու թեկնածուներից որն է խոսքով առաջ անցնելու մյուսից:

Նախագահ Օբաման ևս մեկ օր կանցկացնի Նևադա նահանգի հանգստվայրերից մեկում, որ ժամանել է կիրակի օրը՝ հեռուստաբանավեճին նախապատրաստվելու նպատակով:

Դենվերի համալսարանում չորեքշաբթի օրը կայանալիք հեռուստաբանավեճը նվիրված կլինի տնտեսության և առողջապահության նման ներպետական խնդիրներին:

Արտաքին քաղաքականության խնդիրների քննարկումը կանցկացվի երկրորդ և երրորդ հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք, համապատասխանաբար, կանցկացվեն հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 22-ին:

Հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքների համաձայն, նախագահ Օբաման զգալիորեն առաջ է անցել Միթ Ռոմնիից այն նահանգներում, որտեղ անցկացվող քվեարկությունը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների համար:

Հանրապետական Ռոմնիի ընտրարշավին ծանր հարված է հասցվել անցյալ ամիս մի տեսանյութի հրապարակման պատճառով, որտեղ նախագահական թեկնածուն, հանդես գալով հարուստ կողմնակիցների առջև, ասել է, թե ամերիկացիների 47 տոկոսը հարկ չի վճարում և իրենց պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող «զոհ» է համարում:

Տեսանյութում Ռոմնին ասել է, թե Միացյալ Նահանգների նման քաղաքացիները «ցանկացած դեպքում» իրենց ձայնը կտան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի օգտին:
XS
SM
MD
LG