Մատչելի հղումներ

Օբաման, Պուտինն ու Օլանդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել


Մեքսիկայում «Մեծ քսանյակ»-ի պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցող՝ «Մինսկի խմբի» համանախագահ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները երկուշաբթի օրն ընդունել են համատեղ հայտարարություն՝ կոչ անելով խաղաղ եղանակով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Հայտարարությունում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերները չեն հետևել այն քայլերին, որոնց կատարման կոչ են արել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն անցյալ տարի մայիսի 26-ին Դովիլում` «Մեծ ութնյակ»-ի գագաթաժողովի շրջանակներում: Հայտարարությունը հորդորել է վերջիններիս վճռական քայլեր ձեռնարկել՝ «հարատև և խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ որոշումներ կայացնելու ուղղությամբ»:

«Հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ռազմական միջոցներով, որոնք միայն կերկարացնեն տարածաշրջանի բնակչության առանց այն էլ արդեն երկար տևող տառապանքները: Միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է հնարավորություն տալ ամբողջ տարածաշրջանին հաղթահարել ստատուս քվոն և կառուցել անվտանգ և բարգավաճ ապագա», - նշվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Փարիզում կայացել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ից Ռոբերտ Բրադկեի, Ֆրանսիայից՝ Ժակ Ֆորի և Ռուսաստանից՝ Իգոր Պոպովի հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև հումանիտար ոլորտում, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների ուսումնասիրման, պատմական և մշակութային նշանակության կառույցների պահպանությանն առնչվող հարցերում հետագա աշխատանքները:

«Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և ընդգծել են 1994 թվականին հաստատված հրադադարի համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը: Արտգործնախարարները հայտնել են աշխատանքը շարունակելու և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իրենց վճռականությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ իրականացնելու փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումները, որոնք կարող են բարելավել բանակցային մթնոլորտը», - նշվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից տարածված հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG