ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին դիմել է ընդդիմադիր հանրապետականներին այս տարվա վերջին ավարտվող աշխատավարձի հարկի արտոնությունների գործողությունը երկարաձգելու կոչով:
ԱՄՆ-ի Սպիտակ տանը երկուշաբթի օրն արված իր մեկնաբանություններում նախագահ Օբաման ասել է, թե «երկրի տնտեսությունը դեռ փխրուն է», և որ հարկային արտոնությունների գործողության երկարաձգումը կարևոր է ոչ միայն երկրի տնտեսության, այլև առանձին ընտանիքների համար:
Նախագահ Օբաման նշել է նաև, որ հանրապետական կուսակցության առաջնորդները ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց ելույթներում վերջերս անդրադարձել են հարկային արտոնությունների երկարաձգման կարևորության մասին, և կոչ է արել հանրապետականներին սատարել արտոնությունների երկարաձգումը:
ԱՄՆ-ի Կոնգրեսում մեկնարկել են աշխատավարձի հարկի արտոնությունների և գործազրկության նպաստների վերաբերյալ քննարկումները, սակայն դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները դեռևս չեն կարողացել այս հարցերի շուրջ համաձայնության գալ:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Սենատը ժխտել է նախագահ Օբամայի կողմից ներկայացված ծրագիրը, սակայն հավանության չի արժանացրել նաև նույն խնդրի շուրջ հանրապետականների առաջարկը:
Որոշ հանրապետականներ հարցականի տակ են դնում հարկային արտոնությունների օգուտը երկրի տնտեսության համար, ինչպես նաև նման արտոնություններ սահմանելու արդյունքում պետության կողմից կատարվող ծախսերի նպատակահարմարությունը:
Աշխատավարձի հարկի արտոնություններից Միացյալ Նահանգներում օգտվում է մոտ 160 միլիոն աշխատող: Այս տարի արտոնությունները թույլ են տվել աշխատող յուրաքանչյուր քաղաքացուն խնայել մոտ մեկ հազար դոլար, սակայն արտոնությունները երկարաձգելու մասին որոշում չընդունելու դեպքում հարկերը կբարձրանան՝ սկսած եկող տարվա հունվար ամսից: