Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կոչ է արել Կոնգրեսին ընդունել աշխատատեղերի ստեղծմանն ուղղված օրինագիծը


Նախագահ Օբաման կոչ է արել Կոնգրեսին ընդունել աշխատատեղերի ստեղծմանն ուղղված օրինագիծը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրն այցելելու է Միացյալ Նահանգների հյուսիսում գտնվող Օհայո նահանգը` փորձելով ձեռք բերել հասարակության աջակցությունը իր կողմից ներկայացված օրինագծին, որով նախատեսվում է խթանել աշխատատեղերի ավելացումը և նոր թափ հաղորդել երկրի տնտեսական զարգացմանը:

Նահանգի մայրաքաղաք Կոլումբուս քաղաքում, որը գտնվում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների կոնգրեսական շրջանի մոտակայքում, նախագահ Օբաման իր ուղերձով հանդես կգա տեղի ավագ դպրոցներից մեկում: Սպասվում է, որ նախագահը կանդրադառնա երկրում պետական 35 հազար դպրոցներն արդիականացնելու համար անհրաժեշտ 25 միլիարդ դոլար ներդնելու իր նախաձեռնությանը:

Նախագահ Օբաման երկուշաբթի օրը «Ամերիկայի աշխատատեղերի մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկման` հորդորելով կոնգրեսականներին «անմիջապես ընդունել» այս օրինագիծը:

Օբամայի կողմից Կոնգրեսին ներկայացրած հիմնական առաջարկություններն ընդգրկում են ԱՄՆ-ի ենթակառուցվածքն ու դպրոցները վերակառուցելու և արդիականացնելու, ֆինանսական միջոցների պակաս ունեցող նահանգներին և տեղական իշխանություններին օգնություն տրամադրելու, երկարաժամկետ գործազուրկներին աշխատանքի տեղավորման համար վերապատրաստություն ապահովելու և զինված ուժերի վետերաններին աշխատանքի ընդունումը խրախուսելու միջոցները:

Միացյալ Նահանգների նախագահի համաձայն, ամենահարուստ ամերիկացիները և ընկերությունները պետք է վճարեն ավելի շատ հարկեր՝ հարկային օրենսդրության մեջ բացերը վերացնելու միջոցով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան բյուջեի գծով տնօրեն Ջեյքոբ Լյուի համաձայն, հարուստ ամերիկացիների կողմից վճարվող հարկերի բարձրացումից երկրի բյուջեն լրացուցիչ կստանա մոտ 400 միլիարդ դոլար ծավալով գումար:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները երկուշաբթի օրը հույս է հայտնել, թե կկարողանա աշխատել նախագահ Օբամայի հետ` ամերիկացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, սակայն նշել է, որ Օբամայի առաջարկություններն անհրաժեշտ է ենթարկել «մանրակրկիտ ուսումնասիրության»:

XS
SM
MD
LG