Մատչելի հղումներ

Օբաման կոչ է արել ընդունել ծախսերի կրճատման «հավասարակշռված ծրագիր»


Օբաման կոչ է արել ընդունել ծախսերի կրճատման «հավասարակշռված ծրագիր»
Օբաման կոչ է արել ընդունել ծախսերի կրճատման «հավասարակշռված ծրագիր»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հադես գալով Միացյալ Նահանգների Կոնգրեսի համատեղ նիստի ընթացքում, հորդորել է դադարեցնել Վաշինգտոնի «քաղաքական կրկեսը» և ձեռնարկել արագ քայլեր՝ իր կողմից Կապիտոլիումի քննարկմանը ներկայացվող աշխատատեղերի ստեղծման ծրագիրը հաստատելու ուղղությամբ:

Նախագահը, որին իր համակուսակցականները հորդորել են կազմել հնարավորինս համարձակ առաջարկ, Կոնգրեսին է ներկայացրել 450 միլիարդ դոլար արժողությամբ օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է երկարաձգել հարկային արտոնությունները աշխատողների և գործատուների, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունների համար:

Որպես պետական ծախսեր նախատեսող օրենսդրություն, «Ամերիկայի աշխատատեղերի մասին» օրենքի նախագիծը նախ ուսումնասիրվելու է և դրա շուրջ քվեարկություն է անցկացվելու հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Նախագահ Օբամայի համաձայն, ընդունվելու դեպքում օրենքը նոր թափ կհաղորդի փակուղում հայտնված տնտեսությանը:

«Ես Կոնգրեսին եմ ներկայացնում ծրագիր, որն անհրաժեշտ է ընդունել անմիջապես: Այն կոչվում է «Ամերիկայի աշխատատեղերի մասին» օրենք: Այս օրենսդրության վերաբերյալ որևէ հակասություն չպետք է լինի: Դրանում ընդգրկված բոլոր դրույթներին իրենց աջակցությունն են տվել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ներառյալ այստեղ այսօր գտնվողներից շատերին», - ասել է Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահն իր խոսքում կոչ է արել դեմոկրատներին և հանրապետականներին դադարեցնել քաղաքական պատերազմը՝ աշխատողներին աշխատանքով ապահովելու և երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով:

Օբամայի կողմից Կոնգրեսին ներկայացրած հիմնական առաջարկություններն ընդգրկում են ԱՄՆ-ի ենթակառուցվածքն ու դպրոցները վերակառուցելու և արդիականացնելու, ֆինանսական միջոցների պակաս ունեցող նահանգներին և տեղական իշխանություններին օգնություն տրամադրելու, երկարաժամկետ գործազուրկներին աշխատանքի տեղավորման համար վերապատրաստություն ապահովելու և զինված ուժերի վետերաններին աշխատանքի ընդունումը խրախուսելու միջոցները:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, ամենահարուստ ամերիկացիները և ընկերությունները պետք է վճարեն ավելի շատ հարկեր՝ հարկային օրենսդրության մեջ բացերը վերացնելու միջոցով, և կրկին կոչ է արել ընդունել ծախսերի «հավասարակշռված» ծրագիր՝ կառավարական թանկարժեք առողջապահական ծրագրերում կատարելով միայն «չափավոր փոփոխություններ»:

Երկրի Կոնգրեսին ուղղված իր հասցեում նախագահ Օբաման ասել է, որ չնայած որոշ օրենսդիրների կարծիքով, տարաձայնությունները կարող են լուծվել «միայն քվեատուփի միջոցով», սակայն «ծայրը ծայրին հասցնող» ամերիկացիներին անհրաժեշտ է, որ Կոնգրեսը գործի անհապաղ, քանի որ իրենք այլևս չեն կարող սպասել:

Նախագահն ասել է, որ գալիք մի քանի շաբաթվա ընթացքում ինքը շրջագայելու է երկրում՝ իր կողմից աշխատատեղերի թվի ավելացմանն ուղղված ծրագրին հասարակության կողմից աջակցություն ստանալու համար, և կոչ անելով ամերիկացիներին հայտնել Կոնգրեսին, որ «անգործությունն ընդունելի տարբերակ չէ»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները, որպես Օբամայի կողմից ներկայացված ծրագրի սկզբնական արձագանք, ասել է, թե «այն քննարկմանն արժանի է»՝ հավելելով, որ նախագահը լուրջ կուսումնասիրի հանրապետականների կողմից ներկայացված առաջարկությունները: Հանրապետական կուսակցությունների այլ ներկայացուցիչներ սակայն ավելի խիստ գնահատական են տվել նախագահի ծրագրին:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդների կողմից հրապարակված արձագանքներում սակայն նրանք գովասանքի խոսքեր են ուղղել նախագահի ծրագրին՝ ասելով, որ նախագահը «խելամիտ առաջարկություն» է ներկայացրել՝ գործազրկության դեմ պայքարելու համար:

XS
SM
MD
LG