Մատչելի հղումներ

Օբամա. «Սիրիայի հարցի շուրջ դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է»


ԱՄՆ-ի նախագահը «չափավոր դրական զարգացում» է անվանել Ռուսաստանի դիվանագիտական առաջարկությունը՝ ասելով սակայն, որ կարևոր է պահպանել Սիրիայի նկատմամբ գործադրվող ճնշումը

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Սիրիայի հարցի շուրջ դիվանագիտական լուծում դեռևս հնարավոր է, եթե դրա արդյունքում հնարավոր դառնա ձեռք բերել այդ երկրում առկա քիմիական զենքի խնդիրը լուծելու մի այնպիսի եղանակ, որը կարելի լինի ենթարկել ստուգման և հարկադրական կատարման:

Այս մասին ԱՄՆ-ի նախագահն ասել է երեքշաբթի օրը կայանալիք՝ Միացյալ Նահանգների ժողովրդին ուղղված իր ուղերձին նախապատրաստվելու ընթացքում:

Նախագահ Օբաման, նախապատրաստվելով ամերիկացիներին հասցեագրված ուղերձին, մասնակցել է երկրի խոշորագույն մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում:

Մասնակցելով ԱՄՆ-ի հանրային հեռարձակման ծառայության «Նյուզ Աուեր»՝ «Լուրերի ժամ» հեռուստածրագրին՝ ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե որևէ կասկած չկա այն բանի մասին, որ օգոստոսի 21-ին իրականացված և 1,4 հազար մարդու մահվան պատճառը դարձած քիմիական զենքի կիրառմամբ հարձակման համար պատասխանատվություն է կրում Սիրիայի կառավարությունը:

Նախագահ Օբաման ասել է, թե Ռուսաստանի կողմից Սիրիայի վերաբերյալ արված առաջարկությունն առ այն, որ այս երկիրը միջազգային հանրությանը ամբողջությամբ հանձնի այնտեղ առկա քիմիական զենքը, հույս է ներշնչում ռազմական գործողությունների անհրաժեշտությունը կանխելու հնարավորության առումով:

ԱՄՆ-ի նախագահը շեշտել է նաև, որ ամերիկացիները «հասկանալի պատճառներով զգուշությամբ են վերաբերվում Միացյալ Նահանգների նկատմամբ անմիջական վտանգի բացակայության պայմաններում ռազմական գործողությունների անհրաժեշտության»՝ մասնավորապես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ներգրավվածությունից հետո:

ԱՄՆ-ի հանրային հեռարձակման ծառայությանը տված հարցազրույցում նախագահ Օբաման ասել է սակայն, որ երեքշաբթի օրը երկրի ժողովրդին իր ուղերձում կհիմնավորի, որ գործողությունների անհրաժեշտ է դիմել՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

«Էյ-Բի-Սի» հեռուստաընկերության լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Օբաման «չափավոր դրական զարգացում» է անվանել Ռուսաստանի դիվանագիտական առաջարկությունը՝ ասելով սակայն, որ կարևոր է պահպանել Սիրիայի նկատմամբ գործադրվող ճնշումը:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե ցանկանում է, որ վերահսկելի և հարկադրական կատարման ենթակա ծրագիրը պարունակի «ծրագրի պարտադիր կիրառման անհրաժեշտության և խնդրի հրատապությունն արտահայտող ձևակերպումներ»:
XS
SM
MD
LG