Մատչելի հղումներ

Օբաման գովասանքի է արժանացրել ԱՄՆ-ի էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված ջանքերը


Միացյալ Նահանգներն առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում արդյունահանել է ավելի շատ նավթ, քան գնել այլ պետություններից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները վերջապես պատրաստ է վերահսկողություն հաստատել էներգետիկ իր ապագայի նկատմամբ:

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգներն առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում արդյունահանել է ավելի շատ նավթ, քան գնել այլ պետություններից:

Նախագահ Օբամա «Ամերիկայի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված մեծ քայլ» է անվանել այս փաստը՝ հավելելով, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել ոչ միայն նավթի արտադրության, այլև էներգաարդյունավետության բարձրացման միջոցով:

Միացյալ Նահանգների նախագահի համաձայն, ամերիկացիներն ապագայում կկարողանան ավելացնել խնայողությունները՝ մեքենաների վառելիքի նոր ստանդարտների ներդրման, ինչպես նաև տների և ձեռնարկությունների էներգետիկ արդյունավետության բարելավման միջոցով:

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում Վիսկոնսին նահանգից ԱՄՆ-ի սենատոր Ռոն Ջոնսոնը քննադատության է ենթարկել նախագահ Օբամայի հեղինակած «Մատչելի առողջապահության մասին» օրենքը, որը հայտնի է նաև «Օբամաքեյր» անվամբ:

Սենատոր Ջոնսոնի համաձայն, ամերիկացիների կողմից առողջապահության ապահովման իրենց պլանները պահպանելու մասին նախագահ Օբամայի կողմից տրված խոստումը չպահելը «քաղաքական խարդախության է հավասար»:
XS
SM
MD
LG