Մատչելի հղումներ

«Համոզված եմ, որ պատրաստ ենք դիմակայել «Սենդի» փոթորկին»


Նախագահ Օբաման ասել է, որ փոթորկի հետևանքները վերացնելու համար ժամանակ կպահանջվի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ համոզվածություն է հայտնել իր վարչակազմի կողմից ԱՄՆ-ի արևելյան ափերին մոտեցող «Սենդի» փոթորկին դիմակայել պատրաստ լինելու կապակցությամբ:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը հանդես գալով լրագրողների առջև՝ նախագահ Օբաման այնուամենայնիվ նշել է, որ տարերային այս աղետի հետևանքների՝ ջրհեղեղների և էլեկտրամատակարարման խափանումների նման երևույթները հաղթահարելու համար որոշակի ժամանակ կպահանջվի:

«Այս փոթորիկը բավականին դժվարություններ կառաջացնի», - ասել է նախագահը, - «սակայն համոզված եմ, որ մենք պատրաստ ենք դրանց դիմակայելուն: Մենք արդեն տեղաբաշխել ենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները»:

Բարաք Օբաման նշել է, որ մոտեցող փոթորիկը «մեծ և հզոր» կլինի, և որ այն բավականին դանդաղ կշարժվի դեպի մայրցամաքի խորքը: Նա հորդորել է փոթորկի ճանապարհին ընկած տարածքների բնակչությանը չանտեսել էվակուացման կարգադրությունները, քանի որ դրանք կատարումից կախված է մարդկանց կյանքը:

«Խնդրում եմ ականջ դնել տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին», - ասել է Օբաման՝ հավելելով. «Չենթարկվելով էվակուացման մասին ստացված կարգադրությանը՝ վտանգի կենթարկեք այն փրկարարների կյանքը, որոնք ձեր անվտանգությունն ապահովելու համար ստիպված կլինեն վտանգել իրենց կյանքը»:

«Սենդի» անվանումը կրող փոթորիկը շարժվում է դեպի ԱՄՆ-ի ատլանտյան ափ, որտեղ այն կմիանա ձմեռային փոթորկային երկու այլ համակարգերի հետ: Նման համակցությունն այսպիսով կկազմի մեկ «գերփոթորիկ», որը կդառնա մեծ ուժգնության քամիների, անձնրևների, ջրհեղեղների և, որոշ վայրերում՝ ձյան պատճառը:


Loading...

Սպասվում է, որ սկսած երկուշաբթի օրվա երեկոյան ժամերից մոտ 1200 կիլոմետր շառավիղ ունեցող փոթորիկն ազդեցություն կգործի մոտ 60 միլիոն բնակիչի վրա:

«Սենթի» փոթորիկի մոտենալու պատճառով փոփոխությունների է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավը: Նախագահը դադարեցրել է որոշ այցելություններ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում մնալու և փոթորկի զարգացումը վերահսկելու նպատակով: Նախագահը կիրակի օրն այցելել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը՝ հորդորելով փոթորկի ճանապարհին ընկած տարածքների բնակիչներին «շատ լուրջ վերաբերվել» փոթորկի վերաբերյալ նախազգուշացումներին և ենթարկել դաշնային և տեղական իշխանությունների կարգադրություններին:

Փոթորկի պատճառով Վիրջինիա նահանգում կայանալիք իր հանդիպումները ստիպված է եղել դադարեցնել նաև նախագահական հանրապետական թեկնածու, Մասաչուսեթսին նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:

Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Նյու Յորք, Փենսիլվանիա, Մերիլենդ, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա նահանգներում և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Դելավեր նահանգի իշխանությունները պարտադիր էվակուացման են ենթարկել նահանգի որոշ բնակիչներին:

Նյու Յորք քաղաքը նախապատրաստվում է դպրոցների և հասարակական տրանսպորտի գրեթե լրիվ փակման: Երկուշաբթի օրը չեն աշխատելու Նյու Յորքի ֆոնդային բորսան, փակ են լինելու նաև Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների գրասենյակները:
XS
SM
MD
LG