Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման «հիասթափված է» բժշկական ապահովագրության գրանցման կայքի անսարքություններով


ԱՄՆ-ի նախագահը խոստացել է վերացնել բժշկական ապահովագրության գրանցման առցանց շուկայի կայքի խնդիրները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հիասթափություն է արտահայտել իր վարչակազմի կողմից ստեղծված բժշկական ապահովագրության գրանցման առցանց շուկայի կայքում տեղ գտած անսարքություններով՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ համակարգի անսարքությունները կվերացվեն, և որ իր հեղինակած «Մատչելի առողջապահության մասին» օրենքը բարենպաստ կլինի ամերիկացիների համար:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը երկուշաբթի օրն ունեցած ելույթի ընթացքում նախագահ Օբաման ասել է, թե որևէ մեկն իրենից ավելի վրդովված չէ այս տարվա հոկտեմբերի 1-ից «HealthCare.Gov» կայքի ոչ պատշաճ աշխատանքով:

«HealthCare.Gov» կայքը «Մատչելի առողջապահության մասին» օրենքով, որը նաև անվանում են «Օբամաքեյր», նախատեսված մասերից է, որն առավել դյուրին պետք է դարձնի ամերիկացիների կողմից բժշկական մասնավոր ապահովագրություն ձեռք բերելու գործընթացը:

Կայքի աշխատանքը մեկնարկելուց հետո սակայն բազմաթիվ օգտատերեր չէին կարողացել ստեղծել առցանց հաշիվներ, ստանում էին զանազան սխալների մասին շփոթեցնող հաղորդագրություններ, կայքի էջերը բեռնվում էին չափազանց դանդաղ կամ չէին արձագանքում օգտատերերի գործողություններին:

Նախագահ Օբաման տեղեկացրել է, որ անսարքությունները շտկելու աշխատանքին միացել են Ամերիկայի մասնավոր տեխնոլոգիական հատվածի ամենաորակյալ մասնագետները, որոնց առջև դրված է կայքի աշխատանքի բարելավման խնդիրը:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե «Մատչելի առողջապահության մասին» օրենքը միայն կայքը չէ, և որ ինքը, չնայած հանրապետականների ընդդիմության, պայքարել է այս օրենքն ընդունելու համար, որպեսզի բժշկական ապահովագրություն չունեցող միլիոնավոր ամերիկացիներ կարողանան ձեռք բերել «նույն որակի և մատչելիության բժշկական ապահովագրություն, որն ունեն մյուսները»:

«Twitter» կայքում տեղադրված հաղորդագրության մեջ սակայն ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Միթչ ՄըքՔոնելը քննադատել է նախագահ Օբամայի հայտարարությունը՝ ասելով, որ «Օբամայեքրը» չափազանց թանկարժեք է և նախատեսվածի պես չի աշխատում»:
XS
SM
MD
LG