ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով հանրապետականներին հրաժարվել նախընտրական գովազդների վրա խոշոր ընկերությունների և միավորումների կողմից ծախսվող գումարների չափսերը սահմանափակող օրենքի նախագիծն ընդունելու հարցում հարուցող խոչընդոտներից։
Ամենշաբաթյա ուղերձի ժամանակ ԱՄՆ–ի նախագահը օրինագծի ընդունման հետաձգումն անվանեց «քաղաքականության վատագույն դրսևորում»։ Նա ասաց է, թե դեմոկրատներն ու հանրապետականներն անցյալում համաձայնության են եկել խոշոր ընկերությունների և միավորումների կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար հատկացվող գումարների չափսերը սահմանափակելու հարցում։
Նախագահը նշեց, որ Կոնգրեսում հանրապետականների առաջնորդները դեռևս դեմ են այս օրենքի նախագծին, որով նախատեսվում է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել նախընտրական գովազդները ֆինանսավորողների մասին։
Հանրապետականների պատասխանում սենատոր Միթչ Մաքքոնելը քննադատեց նախագահ Օբամային՝ օրինագիծը կրկին անգամ քննարկելու համար և ասաց, թե ամերիկացիներին այժմ անհրաժեշտ է, որ կառավարությունը կենտրոնանա աշխատատեղեր ստեղծելու և տնտեսությունը բարելավելու խնդիրները լուծելու վրա։