Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Չինաստան, որտեղ բանակցություններ է անցկացնելու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տնտեսական և քաղաքական հարաբերությունների մերձեցման նպատակով:
Չինաստան կատարվող Թուրքիայի վարչապետի 27 տարվա մեջ առաջին այցելության ընթացքում Էրդողանը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի, վարչապետ Վեն Ջիաբաոյի և փոխնախագահ Սի Ցզինպինի հետ:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի համաձայն, Էրդողանի այցելության ընթացքում որոշում կընդունվի Սև ծովի ափամերձ շրջանում ատոմակայանի շինարարությանը Չինաստանի մասնակցության մասին: Սպասվում է, որ ատոմակայանի շինարարության շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան այս այցելության ընթացքում:
Պեկին այցելելուց առաջ Էրդողանը, գլխավորելով 300 գործարարի մասնակցությամբ պատվիրակությունը, կիրակի օրն այցելել է թուրքերին ազգական ույղուրներով բնակեցված Չինաստանի արևմտյան Սինցզյանի տարածաշրջան: Թուրքիան արտահայտել է Սինցզյանում արտադրական գոտի հիմնադրելու ցանկություն:
Էրդողանը Չինաստան կատարվելիք իր այցելությունը կավարտի Շանհայում: