Մատչելի հղումներ

«Քիմ Ջոնգ Ունը երիտասարդ է և անփորձ»


«Նա փորձում է կատարյալ վերահսկողություն հաստատել երկրի զինված ուժերի նկատմամբ և ձեռք բերել նրանց հավատարմությունը»

Կորեական թերակղզում լարվածության ավելացումը և Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից Հարավային Կորեայի հետ սահմանամերձ շրջանում արտադրական համալիրի փակումն աշխարհում առաջացրել են բազմաթիվ հարցեր այն բանի շուրջ, թե ինչն է դրդել կոմունիստական այս երկիրը դիմելու նման քայլերի:

Վերլուծաբանները տարբեր տեսակետներ են ներկայացրել այն հարցի վերաբերյալ, թե ինչու Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդ Քիմ Ջոնգ Ունը երկրի աղքատացած բնակչության կացության բարելավման փոխարեն կենտրոնացել է զինված ուժերի ունակությունները բարձրացնելու վրա:

Հյուսիսային Կորեայի նախկին լրտեսներից մեկը «ներքին հայացք» է ներկայացրել այդ գաղտնապահ երկրի և դրա երիտասարդ առաջնորդի մասին:

Հարավային Կորեայում այժմ բնակվող նախկին լրտեսի համաձայն, Քիմ Ջոնգ Ունը «շատ երիտասարդ և անփորձ է»:

«Նա փորձում է կատարյալ վերահսկողություն հաստատել երկրի զինված ուժերի նկատմամբ և ձեռք բերել նրանց հավատարմությունը», - ասել է Հյուսիսային Կորեայի նախկին լրտես Քիմ Հյուն Հին, որը մասնակցել էր 1987 թվականին հարավկորեական մարդատար օդանավերից մեկում պայթուցիկ նյութի տեղադրման մեջ: Օդանավի պայթյունի հետևանքով զոհվել էր 115 մարդ, իսկ Քիմ Հուն Հին ձերբակալվել էր Հարավային Կորեայի իշխանությունների կողմից և դատապարտվել մահապատժի: Նրան սակայն ներում էր շնորհվել այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր, որ իր «ուղեղը լվացված» է եղել Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից:

Նախկին լրտեսի համաձայն, Քիմ Ջոնգ Ունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն օգտագործում է երկրի ժողովրդին վերահսկելու, ինչպես նաև Հյուսիսային Կորեան և Միացյալ Նահանգները զիջումներ կատարել ստիպելու համար:

Ռազմական վերլուծաբանների համաձայն, չնայած հնչեցված սպառնալիքների, 1,2 միլիոն զինծառայող ունեցող Հյուսիսային Կորեայի զինված ուժերում չի նկատվում պատերազմի պատրաստվելու որևէ նշան: Նրանք սակայն պնդում են, թե Փխենյանի կողմից Հյուսիսային Կորեայի հիմնադիր և ներկայիս առաջնորդի պապ Քիմ Իլ Սունգի ապրիլի 15-ին նշվող ծնունդը նշանավորելու համար սադրիչ գործողությունների, օրինակ՝ հրթիռի արձակման կամ միջուկային զենքի փորձարկման, իրականացման հավանականությունը շատ բարձր է:
XS
SM
MD
LG