Հյուսիսային Կորեան սպառնացել է «հատուկ միջոցներ» ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ՝ ասելով, թե «երեքից չորս րոպեի ընթացքում ջնջելու է» Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակի կառավարությունը:
Հյուսիսկորեական պետական ռադիոն այս կապակցությամբ երկուշաբթի օրը տարածել է հատուկ հաղորդագրություն՝ ասելով, որ «հատուկ միջոցներն» ուղղված կլինեն Հարավային Կորեայի նախագահի կուսակցության, ինչպես նաև հարավկորեական պահպանողական լրատվամիջոցների դեմ, և թե «թիրախները հողի կհավասարեցվեն ընդամենը երեքից չորս րոպեի ընթացքում»:
Հաղորդագրությունում նշվել է նաև, որ հարձակման ընթացքում կիրառվելու են «ուրույն և նախկինում դեռևս չկիրառված մեթոդներ»:
Ըստ հարավկորեական որոշ վերլուծաբանների, Փխենյանը նախատեսում է կիբեռ հարձակումն գործել Հարավային Կորեայի դեմ:
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը զայրացած է երկրի հիմնադիր Քիմ Իլ Սունգի 100-ամյա հոբելյանը տոնելու կապակցությամբ Հարավային Կորեայի ղեկավարների կողմից արված «վիրավորական» մեկնաբանություններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Սեուլն անցյալ շաբաթ հանդես է եկել Հյուսիսային Կորեայում ցանկացած թիրախ խոցելու հնարավորություն ունեցող թևավոր նոր հրթիռի փորձարկման մասին հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի զինված ուժերի հրամանատարությունը հինգշաբթի օրը մամուլի հետ հանդիպման ընթացքում հանդես էր եկել թևավոր հրթիռի փորձարկման մասին հայտարարությամբ՝ ըստ էության արձագանքելով Հյուսիսային Կորեայի հրթիռի ձախողված փորձարկման և ելնելով վերջինիս կողմից միջուկային փորձարկման նախապատրաստվելու մտավախությունից:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն, հրթիռի գործողության շառավիղը կազմում է 1 հազար կիլոմետր և այն կարող է հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ցանկացած վայրում:
Նախարարության պաշտոնյաները նշել են նաև, որ թևավոր հրթիռը մշակվել է ամբողջությամբ սեփական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ շեշտելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հրթիռների բոլոր երեք փորձարկումները ձախողվել են: