Մատչելի հղումներ

Նոբելյան գրականության մրցանակը շնորհվել է շվեդացի բանաստեղծին


Շվեդացի բանաստեղծ Թոմաս Թրանշթրեմեր
Շվեդացի բանաստեղծ Թոմաս Թրանշթրեմեր

Նոբելյան գրականության մրցանակն այսօր շնորհվել է շվեդացի 80-ամյա բանաստեղծ Թոմաս Թրանշթրեմերին:

Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի ժյուրիի համաձայն, Թրանշթրեմերին Նոբելյան մրցանակ շնորհելու հիմքում ընկած է այն հանգամանքը, որ «իր կողմից պատկերված խտացված ու կիսաթափանցիկ պատկերների միջոցով բանաստեղծը նորովի է գնահատում իրականությունը:

Նոբելյան գրականության մրցանակը շնորհելուց առաջ արդեն իսկ շնորհվել են մրցանակներ բժշկության, ֆիզիկայի և քիմիայի ոլորտներում: Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա ուրբաթ օրը, իսկ տնտեսության բնագավառում մրցանակը, որը ստեղծվել է Ալֆրեդ Նոբելի հիշատակին, շնորհվելու է հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը չորեքշաբթի օրը շնորհվել է իսրայելցի գիտնական Դանիել Շեխթմանին՝ «կվազիբյուրեղներ» հայտնաբերելու համար:

Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի համաձայն, Շեխթմանի աշխատանքը «փոխել է պինդ մարմնի քիմիկոսների հասկացությունը պինդ մարմնի նկատմամբ՝ ապացուցելով, որ բյուրեղի ատոմները հնարավոր է դասավորել որոշակի օրինակով, որը հետագայում կարելի է կրկնել»:

Ֆիզիկայի բնագավառում 2011 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երեք գիտնականներին՝ աստղերի պայթյունների միջոցով տիեզերքի տարածման արագացումը հայտնաբերելու համար:

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը երկուշաբթի օրը շնորհվել է գիտնականներ Ռալֆ Շտայնմանին, Բյուս Բոյտլերին և Ժուլ Հոֆմաինին՝ իմունային համակարգի առավել լավ ճանաչմանն ուղղված իրենց ուսումնասիրության համար, որը կարող է նպաստել քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման: Մրցանակը շնորհվելուց հետո հայտնի է դարձել, որ Ռալֆ Շտայնմանը մահացել է ուրբաթ օրը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նոբելյան հիմնադրամը սակայն երկուշաբթի օրը գումարված արտակարգ նիստի ընթացքում որոշել է, որ մրցանակը շնորհելու մասին որոշումը մնալու է անփոփոխ:

XS
SM
MD
LG