Լիբերիայում և Եմենում բռնություններին վերջ տալու արշավներ անցկացրած երեք կին գործիչներին Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն այսօր շնորհել է Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Մրցանակի դափնեկիր են դարձել Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը և կին ակտիվիստներ՝ լիբերիացի Լեյմահ Գբովին և եմենցի Թավաքուլ Քարմանը:
Լիբերիայի նախագահ Ջոնսոն-Սերլիֆն Աֆրիկայում ազատ ընտրությունների արդյունքում ընտրված առաջին կին նախագահն է:
Լեյմահ Գբովին կազմակերպել էր էթնիկ և կրոնական տարբեր խմբերի կանանց պայքարը՝ Լիբերիայում պատերազմին վերջ տալու նպատակով և ընտրություններում կանանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Թավաքուլ Քարմանը առաջատար դեր է խաղացել Եմենում կանանց իրավունքների և ժողովրդավարության համար մղվող պայքարում:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Թորբյորն Յագլանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Հնարավոր չէ հասնել իրական ժողովրդավարության և տևական խաղաղության, եթե կանայք չստանան հասարակության բոլոր մակարդակներում ազդեցություն գործելու նույն հնարավորությունն, ինչ տղամարդիկ»:
«Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հուսով է, որ Էլեն Ջոնսոն-Սերլիֆին, Լեյմահ Գբովին և Թավաքուլ Քարմանին շնորհված մրցանակը կնպաստի բազմաթիվ երկրներում կանաց նկատմամբ դեռևս գործադրվող ճնշումների դադարեցման, ինչպես նաև ժողովրդավարության և խաղաղության հաստատման գործում կանանց ունեցած մեծ ներուժի իրագործման», - ասել են Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամները: