Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նոր սպառնալիքներ է ներկայացրել ԱՄՆ-ին


Փխենյանի նոր այս սպառնալիքները փորձագետները կապում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ընթացքում միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող օդանավերի և սուզանավերի մասնակցության հետ

Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների դեմ նոր սպառնալիքներով է հանդես եկել, ինչպես նաև երկրի տարածքում հնչեցրել օդային հարվածի տագնապի ազդանշան:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի զինված ուժերի հրամանատարությանը, հաղորդել են տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանների դեմ վերջինիս կողմից «համապատասխան ռազմական միջոցներ» ձեռնարկելու սպառանալիքները:

«Միացյալ Նահանգները չպետք է մոռանա, որ Գուամում տեղակայված «Անդերսեն» ռազմաօդային կայանն ու Ճապոնիայում ու Օկինավայում ռազմածովային կայանները գտնվում են Հյուսիսային Կորեայի հարձակողական ճշգրիտ միջոցների խոցելիության շառավիղում», - ասված է հայտարարության մեջ:

Փխենյանի նոր այս սպառնալիքները փորձագետները կապում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ընթացքում միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող օդանավերի և սուզանավերի մասնակցության հետ:

Հյուսիսային Կորեայում հինգշաբթի օրն ավելի վաղ Փխենյանի կենտրոնական հեռահաղորդակցման կայանն ընդհատել էր ռազմական քայլերգերի հեռարձակումը՝ հնչեցնելով զինված ուժերին և քաղաքացիական անձանց ուղղված օդային տագնապի ազդանշան:

Զինված ուժերի հեռարձակման կայանից մի քանի անգամ հայտարարվել էր, թե «սա օդային տագնապ է: Ռազմական ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր այլ մակարդակների ստորաբաժանումները, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու համար թշնամու օդային հարձակմամբ հասցվող վնասները»:

Հյուսիսային Կորեայի ռադիոյով սակայն մեկ ժամ անց հայտարարվել է օդային հարձակման տագնապը դադարեցնելու մասին:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, նախարարությունը մեծ ուշադրությամբ է վերաբերվում Հյուսիսային Կորեայում ստեղծվող իրավիճակին՝ որպես «առանձին զորավարժություն» գնահատելով հարևան երկրում հնչեցված օդային այս տագնապը:
XS
SM
MD
LG