Մատչելի հղումներ

Նոր փոթորիկ է շարժվում դեպի ԱՄՆ-ի արևելյան ափեր


Սպասվում է, որ այն «Սենդիի» նման հզոր չի լինի

Դեպի Միացյալ Նահանգների արևելյան ափը, որն անցյալ շաբաթ ենթարկվել էր «Սենդի» կործանիչ փոթորկի հարվածի, շարժվում է նոր փոթորիկ, որը նույնպես կարող է որոշակի վտանգ ներկայացնել:

Օդերևութաբանների համաձայն, Միացյալ Նահանգների հարավ-արևելյան ափերի մոտ կազմավորվում է այսպես կոչված «հյուսիս-արևելյան փոթորիկը»: Սպասվում է, որ այն շարժվելու է դեպի հյուսիս և հասնելու է երկրի հյուսիս-արևելյան ափերին այս շաբաթվա կեսին:

Փոթորիկն ըստ էության «Սենդի»-ի նման հզոր չի լինի, սակայն օդերևութաբանները զգուշացնում են, որ նոր փոթորիկը կարող է դառնալ քամու ուժեղացումների, սառնաշունչ եղանակի և մինչև 7 սանտիմետր տեղումների պատճառը:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, հնարավոր տեղումները կարող են հեղեղել նույն տարածքները, որոնք տուժել են «Սենդի»-ի հետևանքով:

Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի կարծիքով, նոր փոթորիկը չի ներկայացնելու սպառնալիքի այնպիսի աստիճան, որի պատճառով կարող է անհրաժեշտ լինել հայտարարել բնակչության էվակուացում:

Միացյալ Նահանգների արևելյան ափին հարող տարածքներին ուժգին հարված հասցրած «Սենդի» փոթորիկը դարձել է ավելի քան 100 մարդու մահվան պատճառը: Տարերային աղետի պատճառած վնասը կազմում է մոտ 50 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG