Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արևմուտքում անտառային նոր հրդեհներ են բռնկվել


Անտառային հրդեհ Կոլորադո նահանգում (արխիվային լուսանկար)
Անտառային հրդեհ Կոլորադո նահանգում (արխիվային լուսանկար)

Այդահո նահանգում անտառային հրդեհը մարելուն ուղղված աշխատանքների ժամանակ զոհվել է մեկ հրշեջ

Միացյալ Նահանգների արևմտյան նահանգների մեծ մասում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել:

ԱՄՆ-ի անտառային ծառայության համաձայն, Այդահո արևմտյան նահանգում անտառային հրդեհը մարելուն ուղղված աշխատանքների իրականացման ժամանակ զոհվել է մեկ հրշեջ: Հրշեջի մահվան պատճառն է դարձել վերջինիս վրա ընկած ծառը:

Կալիֆորնիա նահանգի հյուսիսում՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտակայքում հրշեջ ծառայության աշխատողներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի հազար հեկտար անտառի այրման և մոտ 500 ընտանիքի էվակուացման պատճառ դարձած հրդեհը:

Անտառային հրդեհների դեմ պայքարն ընթացքում է նաև Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում:

Հրշեջ աշխատանքները դժվարացնում է շոգ և չոր եղանակը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսվա սկզբին Կոլորադո նահանգում կայծակի հարվածից բռնկված՝ նահանգի պատմության մեջ ուժգնությամբ երրորդ հրդեհը տարածվել էր ավելի քան 16 հազար հեկտար մակերես ունեցող տարածքի վրա և հարյուրավոր բնակիչների ստիպել հեռանալ իրենց տներից:

Կոլորադոյի հարևան Նյու Մեքսիկո նահանգում հրշեջները նույն ժամանակահատվածում պայքար էին մղում հսկա հրդեհի դեմ:

Ինչպես և Կոլորադոյում, Նյու Մեքսիկոյում շարունակվող հրդեհը բռնկվել էր կայծակի հարվածից: Հրդեհը տարածվել էր 14 հազար հեկտար կազմող տարածքի վրա և ոչնչացրել 35 շինություն:
XS
SM
MD
LG