Մատչելի հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանում 300 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք է գրանցվել


Ատոմակայանի կառավարումն իրականացնող ընկերության համաձայն, աղտոտված ջրի ճառագայթման մակարդակը վտանգավոր է մարդու համար

Ֆուկուշիմա ատոմակայանի առափնյա պահեստարանում տեղի է ունեցել այնտեղ պահվող առնվազն 300 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք:

Ամս մասին հայտնել է «Տոկիոյի էներգետիկական ընկերություն» («TEPCO») գլխավոր կառավարիչը, որի համաձայն ջուրը արտանետում է ժամում մոտ 100 միլիզիվերտի մակարդակի հասնող ճառագայթում: Մասնագետների համաձայն, 50 միլիզիվերտ ճառագայթման ազդեցության ենթարկվելու դեպքում մարդու մոտ առաջանում է օնկոլոգիական հիվանդության առաջացման լուրջ վտանգ, իսկ 300 միլիզիվերտ ստանալու դեպքում կարող է ճառագայթային հիվանդություն զարգանալ:

«TEPCO» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ 100 միլիզիվերտ ճառագայթումը ատոմակայանների աշխատողների հինգ տարվա ընթացքում ստացած ճառագայթման մակարդակի վերին շեմն է:

«Կարելի է ասել, որ հայտնաբերված ճառագայթման մակարդակն այնքան բարձր է, որ դրան ենթարկված անձը մեկ ժամում կարող է ստանալ ճառագայթման հնգամյա մասնաբաժինը», - ասել է էներգետիկական ընկերության ներկայացուցիչը:

Փորձագետներն այժմ աշխատում են հալեցված ռեակտորների սառեցման համար օգտագործվող ջրի արտահոսքի պատճառների հայտնաբերման ուղղությամբ: «Ֆուկուշիմա» ատոմակայանի տարածքից դուրս ճառագայթման մակարդակի էական փոփոխություններ չեն գրանցվել:

Էներգետիկ ընկերությունն այժմ աշխատում է աղտոտված ջրի կուտակումների վերացման ուղղությամբ: Ըստ փորձագետների, ռադիոակտիվ նյութերով աղտոտված ջուրը Խաղաղ օվկիանոս չի ընկել:

«TEPCO» ընկերությունն այս ամսվա սկզբին սակայն տեղեկացրել էր, որ ատոմակայանի տարածքից այնուամենայնիվ առկա է ջրի արտահոսք դեպի օվկիանոս, որից հետո Ճապոնիայի կառավարությունն առավել լայն դեր է ստանձնել «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման գործում:

«Ֆուկուշիմա» ատոմակայանում աղետալի վթարը տեղի էր ունեցել 2011 թվականի մարտին Ճապոնիայի ափերի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի և դրանով առաջացրած ցունամիի պատճառով: Ռեակտորների սառեցման համար օգտագործվող ջուրը պահելու համար նախատեսված տարողությունները գրեթե լիքն են:
XS
SM
MD
LG