Մատչելի հղումներ

Օսամա բին Լադենի ոչնչացման գործողության մասին գիրք կհրապարակվի


Հրատարակչի համաձայն, գրքից ստացված եկամուտները հեղինակը նախատեսում է փոխանցել ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումների զոհված ծառայողների ընտանիքներին

Օսամա բին Լադենին ոչնչացրած ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանման ծառայողներից մեկը գիրք է գրել ստորաբաժանման կողմից իրականացված հատուկ գործողության մասին՝ ավելացնելով Միացյալ Նահանգների պաշտոնյաների գաղտնի տեղեկությունների արտահոսքի վերաբերյալ ունեցած մտահոգությունները:

Ամերիկյան հրատարակչական «Dutton» ընկերության համաձայն, գիրքը գրված է ծովային հետևակի հատուկ ստորաբաժանման ծառայողներից մեկի կողմից, որը լրագրող Քեվին Մաուրերի հետ համագործակցությամբ է գրել գիրքը՝ իր իսկական անունը թաքցնելով «Մարք Օվեն» մականվամբ: Հեղինակը «Dutton»-ի միջոցով հաղորդագրություն է տարածել՝ ասելով, թե եկել է անցյալ տարի Օսամա բին Լադենի սպանության հետ կապված հարձակման վերաբերյալ «ամեն ինչ հստակեցնելու ժամանակը»:

Սակայն Պենտագոնի և ԿՀՎ-ի խոսնակները հայտնել են, որ գիրքը չի ուսումնասիրվել իրենց համապատասխան գործակալությունների կողմից՝ համոզվելու համար, որ դրանում տեղ չի գտել գաղտնի որևէ տեղեկություն: Նման պահանջ է ներկայացվում զինված ուժերի և հետախուզական ծառայությունների նախկին անդամներին, որոնք իրենց ստեղծագործությունները հրապարակելուց առաջ պետք է իրենց գործակալության ուսումնասիրությանը հանձնեն դրանք:

Գրքի հրապարակումը համընկնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ուղղված քննադատության արշավի հետ, որի մասնակիցները մեղադրում են վարչակազմը բին Լադենի սպանության մասին տեղեկությունների արտահոսքի մեջ, ինչը, իրենց կարծիքով, իրականացվում է՝ ելնելով քաղաքացիական նկատառումներից:

Հրատարակչական «Dutton» ընկերությունը հայտնել է, թե գիրքը վերանայվել է հատուկ գործողությունների իրավական ապահովմամբ զբաղվող նախկին փաստաբանի կողմից: ԿՀՎ-ը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սակայն կարող են քայլեր ձեռնարկել՝ գրքի հրապարակումը կանխելու նպատակով:

«Ծանր օր. Օսամա բին Լադենին վերացրած առաքելության մասին վկայությունները» վերնագիրը կրող գիրքը նախատեսվում է հրապարակել սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի վրա կատարված ահաբեկչական հարձակումների 11-րդ տարելիցի կապակցությամբ: Հրատարակչի համաձայն, գրքից ստացված եկամուտները հեղինակը նախատեսում է փոխանցել ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումների զոհված ծառայողների ընտանիքներին:
XS
SM
MD
LG