Մատչելի հղումներ

Հայտնի է դարձել բին Լադենի ոչնչացման մասին գրքի հեղինակի անունը


Գրիքի հրապարակման ընթացքում Պենտագոնի և ԿՀՎ-ի պահանջներին չհետևելու դեպքում գործը կարող է հանձնվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ուշադրության

Հայտնի է դարձել Օսամա բին Լադենին ոչնչացրած ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանման այն ծառայողի անունը, որը գիրք է գրել ստորաբաժանման կողմից իրականացված այս գործողության մասին:

Գրքի հեղինակն է, ըստ հաղորդագրությունների, Միացյալ Նահանգների ծովային հետևակի հատուկ ուժերից բին Լադենի ոչնչացման գործողությունից փորք անց զորացրված Մեթ Բիսոնեթը: Գրքի հրատարակումն իրականացնող «Dutton» ընկերությունը դիմել է լրատվամիջոցներին՝ հեղինակի անձնական տվյալները չհրապարակելու խնդրանքով:

«Dutton» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, թե գիրքը գրվել է «Մարք Օուեն» մականունը կրող հեղինակի կողմից: «Ծանր օր. Օսամա բին Լադենին վերացրած առաքելության մասին վկայությունները» վերնագիրը կրող գիրքը նախատեսվում է հրապարակել սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի վրա կատարված ահաբեկչական հարձակումների 11-րդ տարելիցի կապակցությամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ու ԿՀՎ-ը սակայն հայտնել են, որ գիրքը չի ուսումնասիրվել իրենց համապատասխան գործակալությունների կողմից՝ համոզվելու համար, որ դրանում տեղ չի գտել գաղտնի որևէ տեղեկություն: Նման պահանջ է ներկայացվում զինված ուժերի և հետախուզական ծառայությունների նախկին անդամներին, որոնք իրենց ստեղծագործությունները հրապարակելուց առաջ պարտավոր են այս մարմինների ուսումնասիրությանը հանձնեն դրանք: Այս պահանջներին չհետևելու դեպքում գործը կարող է հանձնվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ուշադրության:

Հրատարակչական «Dutton» ընկերությունը սակայն հայտնել է, թե գիրքը վերանայվել է հատուկ գործողությունների իրավական ապահովմամբ զբաղվող նախկին փաստաբանի կողմից:

Ծովային նախկին հետևակայինի հեղինակած գրքի հրապարակման մասին լուրերը համընկել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ուղղված քննադատության արշավի հետ, որի մասնակիցները մեղադրում են վարչակազմը բին Լադենի սպանության մասին տեղեկությունների արտահոսքի մեջ, ինչը, իրենց կարծիքով, իրականացվում է՝ ելնելով քաղաքական նկատառումներից:
XS
SM
MD
LG