Մատչելի հղումներ

Բարաք Օբամա. «Գագաղաժողովը նոր շունչ է հաղորդելու ՆԱՏՕ–ին»


Բարաք Օբամա. «Գագաղաժողովը նոր շունչ է հաղորդելու ՆԱՏՕ–ին»

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիսաբոնում անցկացվող ՆԱՏՕ–ի գագաթաժողովը հնարավորություն է տալու նոր շունչ հաղորդել դաշինքին՝ նպաստելով 21–րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ջանքերին։

Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակո Սիլվայի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ նախագահ Օբաման նշել է, որ գագաթաժողովը նաև հնարավորություն է տալու ամրապնդել ԱՄՆ–ի գործընկերությունը Եվրոպական Միության հետ։

ՆԱՏՕ–ի երկօրյա գագաթաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից է Աֆղանստանում վարվող պատերազմը։ Աֆղանստանում տեղակայված է 28 անդամ–պետություն ունեցող դաշինքի 130 հազար զինծառայող։

Նախատեսվում է, որ ՆԱՏՕ–ի ղեկավարները ներկայացնելու են դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգը, որում առավել մեծ տեղ է զբաղեցնելու կիբեռ–ահաբեկչության հարձակումների և բալիստիկական հրթիռների դեմ պաշտպանությունը։

Վաշինգտոնից գործող քաղաքականության հետազոտական ինստիտուտներից մեկի վերլուծաբանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»–ին, որ գագաթաժողովի ընթացքում նախագահ Օբաման հիմնականում կենտրոնանալու է աշխարհի առավել հրատապ խնդիրների քննարկման վրա։

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է ՆԱՏՕ–ի գագաթաժողովի աշխատանքներին, որոնց ընթացքում նա անցկացնելու է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։

Նույն գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հաղորդագրությունը, հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել նոյեմբերի 20–ին կայանալիք ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի գործունեությանը մասնակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու մասին։

XS
SM
MD
LG