Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները սատարում են Սիրիայի շուրջ բանակցությունների անցկացումը


Սիրիայում խաղաղության բանակցություններում Իրանի մասնակցությունն այժմ առավել հավանական է՝ անցյալ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն արտահայտել են իրենց աջակցությունը գալիք ամիս Ժնևում Սիրիայում խաղաղության բանակցությունների անցկացմանը:

Բրյուսելում չորեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ Սիրիայում ծավալված ճգնաժամի լուծումը պետք է գտնեն հակամարտության կողմերը:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Ռուսաստանի արտգործնախարարները, բացի այդ, հայտարարության մեջ սատարել են ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից իրականացվող՝ Սիրիան քիմիական զենքից ազատելուն ուղղված առաքելության գրանցած կարևոր առաջընթացը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ու ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն առանձին հանդիպում են անցկացրել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի գրասենյակում՝ քննարկելու համար Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը և Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը:

Սիրիայում խաղաղության բանակցություններում Իրանի մասնակցությունն այժմ առավել հավանական է՝ անցյալ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:

ԱՄՆ-ի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի հանձնակատարին՝ Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու շուրջ տարված աշխատանքի համար:

ԵՄ-ի հանձնակատարն իր հերթին կարևորել է Եվրամիության ու Միացյալ Նահանգների միջև գործընկերությանը:

«Այն աշխատանքը, որը Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ը տանում են բազմաթիվ խնդիրների շուրջ, որոնցից Իրանն ակնառու, սակայն ոչ միակ, օրինակն է, չափազանց կարևոր է: Մենք դավանում ենք միևնույն արժեքները: Մենք աշխատում ենք համատեղ՝ հանուն մարդկության», - ասել է հանձնակատար Էշթոնը:
XS
SM
MD
LG